Մատչելի հղումներ

Ռուսաստանը Թուրքիայից բացատրություն է պահանջել


Syria Plane
Syria Plane

«Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունները վտանգի են ենթարկել օդանավում գտնվող ուղևորների կյանքը, որոնց թվում կար նաև Ռուսաստանի 17 քաղաքացի». Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանը Թուրքիայից պահանջել է բացատրություն ներկայացնել այն բանից հետո, երբ Թուրքիայի զինված ուժերի կործանիչներից մեկը ստիպել է Մոսկվային Դամասկոս ուղևորություն կատարող Սիրիայի օդանավը վայրէջք կատարել Անկարայում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունները վտանգի են ենթարկել օդանավում գտնվող ուղևորների կյանքը, որոնց թվում կար նաև Ռուսաստանի 17 քաղաքացի:

Թուրքիայի իշխանությունները, իրենց կողմից «Սիրիան Էյր» օդանավից որպես «անօրինական» որակված ուղեբեռն առգրավելուց հետո, թույլատրել են, որ օդանավն ավարտի հասցնի ուղևորությունը: Օդանավում գտնվում էր 30 ուղևոր:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն չորեքշաբթի օրն ասել է, որ Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանի պաշտոնյաների կողմից օդանավից առգրավվել են ապրանքներ, որոնց տեղափոխությունը խախտում էր քաղաքացիական ավիացիայի միջազգային օրենքները:

Դավութօղլուն ասել է, թե Անկարան նախատեսում է դադարեցնել «իր սեփական ժողովրդի նկատմամբ դաժան սպանություններ իրականացնող վարչակարգին տրամադրվող զենքի հոսքը»: Նա ասել է նաև, որ Թուրքիայի մարդատար օդանավերին, ելնելով անվտանգության նկատառումներից, արգելվել է մուտքը Սիրիայի օդային տարածք:

Թուրքիայի «Էն-Թի-Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, առգրավված առարկաների թվում կային հրթիռների մասեր:

Սիրիայի կառավարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այս միջադեպի կապակցությամբ:
XS
SM
MD
LG