Մատչելի հղումներ

 
Ռուսաստանն ու Չինաստանը վետոյի իրավունք են կիրառել Սիրիայում մարդու իրավունքների խախտումների գործը ՄՔԴ փոխանցելու բանաձևի նկատմամբ

Ռուսաստանն ու Չինաստանը վետոյի իրավունք են կիրառել Սիրիայում մարդու իրավունքների խախտումների գործը ՄՔԴ փոխանցելու բանաձևի նկատմամբ


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկին (արխիվային լուսանկար)
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկին (արխիվային լուսանկար)

«Ցավոք, Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայի վարչակարգը սատարելու մասին որոշման պատճառով, որն ընդունվել է՝ անկախ այն բանից, թե ինչպիսի գործողությունների է դիմում վերջինս, Սիրիայի ժողովուրդը չի ստացել արդարադատության հասնելու հնարավորություն», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը

Ռուսաստանն ու Չինաստանը հինգշաբթի օրը վետոյի իրավունք են կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ, որով նախատեսվում էր Հաագայի միջազգային քրեական դատարանի հետաքննությանն ուղարկել Սիրիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Բանաձևի նախագծի օգտին քվեարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13, ՄԱԿ-ի անդամ 65, ինչպես նաև ավելի քան 100 հասարակական կազմակերպություն: Սիրիայում հակամարտության բոլոր կողմերը վերջիններիս գործած զանգվածային սպանությունների, բռնաբարությունների, խոշտանգումների և ծանր այլ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակ հետապնդող բանաձևի ընդունումը ձախողվել է այն պատճառով, որ Ռուսաստանն ու Չինաստանը կիրառել են վետոյի իրենց իրավունքը:

Բանաձևի նախագիծը հեղինակել է Ֆրանսիան, որի դեսպանը Միավորված ազգերի կազմակերպությունում քվեարկությունն անցկացնելուց առաջ հորդորել էր Անվտանգության խորհրդի անդամներին սատարել այն՝ նշելով, որ սա բարոյական, այլ ոչ թե քաղաքական քայլ է:

«Դեմ առ դեմ կանգնելով այս կազմակերպության կողմից ներկայացվող արժեքների ժխտման հետ՝ որևէ բան այնքան վտանգավոր չէ, որքան լռությունը, քանի որ լռությունը հանցակցություն է», - ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանը հիշեցրել է Անվտանգության խորհրդի անդամներին, որ Սիրիայում հակամարտության պատճառով զոհվածների թիվը հասել է ավելի քան 150 հազարի, հակամարտության պատճառով միլիոնավոր մարդիկ փախստական են դարձել և տեղահանվել, հիշեցրել է նաև խաղաղ բնակչության դեմ գործած հանցագործությունների վայրագությունը: Նա հերքել է քննադատությունն այն մասին, որ Միջազգային քրեական դատարանին Սիրիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին գործը ներկայացնելը կխաթարի հակամարտության կողմերի միջև խաղաղության բանակցությունները՝ շեշտելով, որ քիչ է հավանական, որ այս բանակցությունները կվերսկսվեն մոտակա ժամանակներում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր հերթին հարցականի տակ է դրել Անվտանգության խորհրդի առջև բանաձևը դնելու դրդապատճառները՝ ասելով, թե Ֆրանսիայի ներկայացուցիչները «միանգամայն տեղյակ էին բանաձևի նախագծի ճակատագրից»:

«Այսօր մերժված բանաձևի նախագիծն իրենից ներկայացնում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական կռքերի հետագա հրահրման փորձ և ի վերջո հետագայում արտաքին ռազմական միջամտության հիմքեր է ստեղծում», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանը «անհեթեթություն» է որակել Ռուսատանի ներկայացուցչի կողմից ներկայացված մեղադրանքները:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերն իր հերթին ասել է, որ Սիրիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումները Միջազգային քրեական դատարան ներկայացնելու շուրջ քվեարկությունը նպատակ էր հետապնդում արդարադատության հնարավորություն տրամադրել Սիրիայի ժողովրդին:

«Ցավոք, Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայի վարչակարգը սատարելու մասին որոշման պատճառով, որն ընդունվել է՝ անկախ այն բանից, թե ինչպիսի գործողությունների է դիմում վերջինս, Սիրիայի ժողովուրդը չի ստացել արդարադատության հասնելու հնարավորություն: Նրանք տեսնելու են միան հանցագործությունը, սակայն ոչ՝ պատիժը», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի համաձայն, այս բանաձևի նախագծի նկատմամբ կիրառված վետոները պաշտպանում են ոչ միայն նախագահ Բաշար ալ-Ասադին և վերջինիս «հանցակիցներին», այլև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները:
XS
SM
MD
LG