Ուզբեկստանում կայանալիք տարածաշրջանային գագաթաժողովի ընթացքում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Չինաստանի ղեկավար Հու Ձին Թաոն քննարկելու են ինչպես տնտեսական համագործակցության հեռանկարները 2 երկրների միջև, այնպես էլ Աֆղանստանին և Կորեական թերակղզուն վերաբերող հարցեր:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը 6 պետություններից բաղկացած կառույց է, գլխավորում են Ռուսաստանն ու Չինաստանը: Կառույցին անդամակցում են նաև Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը:
Ի դեպ, այս տարվա գագաթաժողովին նախատեսվում է նաև Աֆղանստանի ղեկավար Համիդ Քարզայի մասնակցությունը:
Իրանը, Պակիստանը, Մոնղոլիան և Հնդկաստանը կառույցում ներգրավված են դիտորդի կարգավիճակով, սակայն ըստ նախնական տվյալների Իրանի ղեկավար Մահմուդ Ահմադինեջադը չի մասնակցելու հանդիպմանը:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001-ին, կառույցի անդամ երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով: Կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն առնչվում է տարածաշրջանում ահաբեկչության և անջատողականության դեմ պայքարին: