Մատչելի հղումներ

Ռուսաստանը Սիրիային ՄԱԿ-ի փորձագետների հետ համագործակցելու կոչ է արել


Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Սիրիայի ընդդիմության մեղադրանքների շուրջ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին

Ռուսաստանը ՄԱԿ-ի փորձագետների հետ համագործակցելու և Դամասկոսի մոտակայքում այս շաբաթ կառավարական ուժերի կողմից քիմիական հարձակում իրականացնելու մասին մեղադրանքների հետաքննության անցկացման հնարավորություն նրանց տալու կոչով է դիմել իր դաշնակից Դամասկոսին:

Ռուսաստանի արտգործնախարարության կողմից ուրբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնության են եկել այն մասին, որ Սիրիայի ընդդիմության մեղադրանքների շուրջ պետք է անկողմնակալ հետաքննություն անցկացվի: Ռուսաստանի իշխանությունները, բացի այդ, ասել են, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող ապստամբները պետք է երաշխավորեն ՄԱԿ-ի առաքելության անվտանգ տեղաշարժը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ուրբաթ ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մարդկության դեմ հանցագործություն է անվանել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման ցանկացած դեպք, որը, մեղադրանքների հաստատման դեպքում, շատ լուրջ հետևանքներ կունենա: Նա ասել է, թե ՄԱԿ-ը պաշտոնապես դիմել է Սիրիայի կառավարությանը՝ երկրում չորեքշաբթի օրը ենթադրաբար իրականացված քիմիական հարձակման տեղանքում հետաքննություն անցկացնելու թույլտվություն տրամադրելու պահանջով:

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները մեղադրում են կառավարությանը ապստամբների կողմից վերահսկվող Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ հրետանու և հրթիռների կիրառմամբ հարձակման իրականացման ժամանակ քիմիական զենք կիրառելու մեջ: Նրանց համաձայն, հարձակման հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Սիրիայի ընդդիմությունը հրապարակել է բազմաթիվ զոհված մեծահասակների և երեխաների պատկերող լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ նրանց մարմինների վրա վնասվածքների որևէ հետք չի նկատվում:

Զոհվածների թիվը և մահվան պատճառը սակայն հնարավոր չէր ենթարկել անկախ հաստատման:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը սակայն հերքել է չորեքշաբթի օրը տեղի ունեցած մարտի ընթացքում քիմիական զենքի կիրառման մասին հնչեցվող մեղադրանքները՝ իր հերթին մեղադրելով ապստամբներին այս տարվա սկզբին Հալեպի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մեջ: ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ արդեն իսկ գտնվում են Սիրիայում և իրականացնում այս մեղադրանքների հետաքննությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ նախօրեին անցկացված ճեպազրույցի ընթացքում հորդորել է Սիրիայի կառավարությանը թույլատրել ՄԱԿ-ի փորձագետներին ականատեսների հետ հարցազրույցներ անցկացնել, նմուշներ հավաքել և թույլ տալ քիմիական զենքի կիրառման վայր ենթադրաբար դարձած տարածքներ անխոչընդոտ մուտք գործելու հնարավորություն:
XS
SM
MD
LG