Մատչելի հղումներ

Սոչիում ամերիկացի մարզիկները մնացել են առանց «Չոբանի» յոգուրտի


Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Չոբանի» ընկերությունը ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի՝ «Թիմ ԱՄՆ»-ի, պաշտոնական հովանավորն է

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվող առևտրային վեճի պատճառով Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները մնացել են առանց իրենց սննդակարգի հիմնական մասերից մեկի՝ յոգուրտի:

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլի համաձայն, պաշտոնյաները ջանքեր են գործադրում՝ համոզելու համար Ռուսաստանի իշխանություններին հավանության արժանացնեն «Չոբանի» ընկերության հունական յոգուրտի առաքումը Ռուսաստան: Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող ընկերությունը ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի՝ «Թիմ ԱՄՆ»-ի, պաշտոնական հովանավորն է:

Ռուսաստանի իշխանությունները սակայն պնդում են, որ յոգուրտի ներմուծումը չի թույլատրվի՝ առանց կաթնամթերքի ներմուծման համար անհրաժեշտ մաքսային հավաստագրի, որը, ըստ նրանց, ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հրաժարվել է տրամադրել:

Ռուսաստանն արդեն մի քանի տարի է, ինչ արգելում է Միացյալ Նահանգների արտադրության որևէ կաթնամթերքի ներմուծումը՝ ԱՄՆ-ում գործող կաթնամթերքի ստանդարտների հետ առնչվող խնդիրների պատճառով:

Նյու Յորք նահանգը ներկայացնող ԱՄՆ-ի Սենատոր Չարլզ Շումերն այս շաբաթ ավելի վաղ հորդորել էր ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին թույլատրել Միացյալ Նահանգներից Սոչի յոգուրտի 5 հազար տուփի առաքումը: Ռուսաստանի կողմից պահանջվող մաքսային հավաստագրումը սենատորն անվանել է «չափազանց մանրակրկիտ և ոչ իրատեսական»: Նա ասել է նաև, որ յոգուրտի առաքման հետաձգումն անընդունելի է, քանի որ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է տրամադրելու ապրանքի անվտանգությունը հաստատող սանիտարական հավաստագրեր:

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում պահեստավորված յոգուրտի խմբաքանակը դեռևս մնում է չառաքված:
XS
SM
MD
LG