Մատչելի հղումներ

Ռուսաստանը հերքել է Արաֆաթի թունավորման վարկածը


Պաղեստինցիների հանգուցյալ առաջնորդի այրին սակայն համոզված է, որ իր ամուսնուն թունավորել էին պոլոնիումով

Ռուսաստանը հերքել է պաղեստինցիների նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի պոլոնիումով թունավորելու վարկածը՝ համաձայնելով Ֆրանսիայի փորձագետների այն վարկածին, որի համաձայն Արաֆաթի մահը վրա էր հասել բնական պատճառներով, այլ ոչ թե ճառագայթման ազդեցության տակ:

Ռուսաստանի փորձագետների եզրահանգումների մասին տեղեկացրել է երկրի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վլադիմիր Ույբան:

«Մենք ավարտի ենք հասցրել բոլոր հետազոտությունները, մեր արդյունքների հետ համաձայնվել են: Ամբողջական, լիարժեք հետազոտություն, որևէ կրկնության կարիքը չկա: Արաֆաթը մահացել է իր մահով, այլ ոչ թե ռադիացիոն որևէ ազդեցության հետևանքով», - տեղեկացրել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավարը:

Արաֆաթի այրի Սուխա Արաֆաթը դեկտեմբերի սկզբին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը նախատեսում է վիճարկել Յասեր Արաֆաթի մահվան վերաբերյալ Ֆրանսիայի բժշկական հետազոտության եզրակացությունը:

Ֆրանսիայի փորձագետները եզրակացրել էին, որ Յասեր Արաֆաթի մահը վրա էր հասել բնական պատճառներով՝ հերքելով պոլոնիումով թունավորելու վարկածը:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին Յասեր Արաֆաթի մահվան հանգամանքների հետաքննությունն իրականացնող պաղեստինցիների գլխավոր քննիչ Թոֆիք Թիվարին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Յասեր Արաֆաթի մահվան գործում «Իսրայելն առաջին, հիմնարար և միակ կասկածյալն է»՝ նշելով, որ Արաֆաթի մահվան հանգամանքների հետաքննությունը կշարունակվի:

Յասեր Արաֆաթի մահվան հանգամանքների հետաքննությունն իրականացնող պաղեստինցիների գլխավոր քննիչն իր հայտարարությամբ հանդես էր եկել այն բանից հետո, երբ Արաֆաթի մարմնի մնացորդի հետազոտությունն իրականացրած շվեյցարացի գիտնականները հայտնել էին ռադիոակտիվ «պոլոնիում» նյութի չափազանց բարձր պարունակություն հայտնաբերելու մասին:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդ Արաֆաթը մահացել էր 2004 թվականի նոյեմբերի 11-ին Փարիզի ռազմական հոսպիտալում:
XS
SM
MD
LG