Մատչելի հղումներ

«Խոդորկիվսկիի ազատումը ցինիկ հաշվարկ է». «Amnesty International»


«Պուտինը վերջերս բազմիցս հիշատակել է Ռուսաստանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր խնդիրը, այն է՝ արտերկրում Ռուսաստանի դրական պատկերի ստեղծումը»

«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը, որը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, որոշ վերլուծաբաններ համարում են անցանկալի անձի երկրից վտարելուն նման հատուկ գործողության հետ:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, թե Խոդորկովսկիի ազատ արձակման հետ կապված ամբողջ գործընթացը, որը ոմանք «հատուկ գործողություն» են անվանում, շատ նման է նրան, թե ինչ բազում տարիներ առաջ տեղի էր ունեցել այլախոհներ Վլադիմիր Բուկովսկիի և Ալեսանդր Սոլժենիցինի հետ:

Ըստ Նիկիտինի, «կարելի է ենթադրել, որ Խոդորդկովսկիի ազատ արձակումը դարձել է «փի-ար»-ի քայլ, որը Ռուսաստանի նախագահին հուշել է ինչ-որ մեկը, քանի որ գաղտնիք չէ, որ Պուտինը վերջերս բազմիցս հիշատակել է Ռուսաստանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր խնդիրը, այն է՝ արտերկրում Ռուսաստանի դրական պատկերի ստեղծումը: Հետևաբար, իր հասկացությամբ և որոշ խորհրդականների ներկայացմամբ, Ռուսաստանի լավ պատկերի ստեղծումը կայանում է, այս թվում, Խոդորկովսկիին ազատ արձակելու մեջ»:

«Չպետք է մոռանալ նաև «Փուսի Ռայըթ» խմբի երկու մասնակիցներին ներում շնորհելու մասին: Բացի դրանից, արդեն ազատ են արձակվել կամ ազատ են արձակվելու «Բոլոտնայայի գործով» անցնող մի քանի անձինք: Այս ամենը, Կրեմլի գործիչների կարծիքով, պետք է Ռուսաստանի դրական պատկերը ստեղծի», - ասում է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը:

Սերգեյ Նիկիտինի կարծիքով, այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ երկրում արդարադատություն չի եղել և մինչ օրս չկա, իսկ բոլոր դրական փոփոխությունները տեղի են ունենում մեկ մարդու որոշմամբ, ինչը չի վկայում իրավական պետության առկայության մասին:

«Այն փաստը, որ մարդուն մեկ օրվա ընթացքում փշալարի հետևից կարողացել են մասնավոր օդանավով տեղափոխել Գերմանիա, որտեղ նրան դիմավորել է Գերմանիայի նախկին արտգործնախարարը, մտածելու տեղիք է տալիս, որ այս ամենը պատահականություն չէ: Շատ հնարավոր է, որ այս դեպքում հատուկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», - ասում է «Amnesty International»-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Խոդորկովսկիին ազատ արձակումը մարդասիրական քայլ է եղել՝ Սերգեյն Նիկիտինն ասել է, որ նման մարդասիրությունը «հարյուրտոկոսանոց չէ»:

«Այս քայլերի հետևում կանգնած է ոչ թե իրական անշահախնդրությունը, այլ ցինիկի սառը և խորը հաշվարկը», - ասել է «Amnesty International»-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկինտինը:
XS
SM
MD
LG