Մատչելի հղումներ

Կրեմլ. «ԱՄՆ-ի դիվանագետի ձերբակալությունը չի նպաստում փոխվստահության ամրապնդման»


Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան ՄըքՖոլը՝ արտգործնախարարությունից դուրս գալու պահին, 15 մայիսի 2013թ.
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան ՄըքՖոլը՝ արտգործնախարարությունից դուրս գալու պահին, 15 մայիսի 2013թ.

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան ՄըքՖոլն այցելել է Ռուսաստանի արտգործնախարարություն

Կրեմլը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում լրտեսական գործունեություն իրականացնելու մեղադրանքով ԱՄՆ-ի դեսպանության երրորդ քարտուղար Ռայան Ֆոգլի ձերբակալությունը չի նպաստում երկու պետությունների միջև փոխվստահության ամրապնդման:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ երկրի ղեկավարը տեղեկացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության աշխատողի ձերբակալության մասին:

«Դա չի նպաստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխվստահության ամրապնդման հետագա գործընթացին և մեր միջև փոխհարաբերությունները որակական նոր մակարդակի դուրսբերման», - նշել է Պեսկովը:

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը, որը չորեքշաբթի օրն այցելել է Ռուսաստանի արտգործնախարարություն և հանդիպել փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, որևէ մեկնաբանություն չի ներկայացրել ստեղծված իրավիճակի շուրջ: ՄըքՖոլի և Ռյաբկովի հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության ներկայացուցիչ Փեթրիկ Վենթրելն իր հերթին լրագրողների հետ նախօրեին անցկացված հանդիպման ժամանակ ասել է, որ արտգործնախարարությունը կարող է հաստատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ծառայողի Մոսկվայում ժամանակավորապես ձերբակալության և ազատ արձակման հանգամանքը:

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունից, և այս թեմայով լրացուցիչ մեկնաբանություններ չունենք», - ասել է Վենթրելը:

Ըստ Ռուսաստանի հատուկ ծառայությունների, Ռայան Ֆոգլը ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հաստիքային ծառայող է, որը Մոսկվայում աշխատում էր դեսպանության քաղաքական բաժնի աշխատողի քողի տակ: Ռուսաստանի ԱԴԾ-ի ծառայողները, Ֆոգլին երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ձերբակալելուց հետո փոխանցել են վերջինիս ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչներին:

Դիվանագիտական անձեռնմխելիությամբ պաշտպանված Ֆոգլին բանտարկություն չի սպառնում, սակայն Ռուսաստանի արտգործնախարարությունը ոչ ցանկալի անձ է հայտարարել նրան և պահանջել, որ նա անհապաղ հեռանա Ռուսաստանի տարածքից:
XS
SM
MD
LG