ԱՄՆ-ի նախագահական նախնական ընտրություններում Քանզաս նահանգում հաղթանակ է տարել Ռիք Սանթորումը։ Ընտրապայքարում դեռեւս առաջին տեղում գտնվող հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հաղթանակներ է գրանցել Վայոմինգ նահանգում, Գուամի, Հյուսիսային Մարիանայի ու Վիրջինյան կղզիների տարածքներում։
Քանզասում Սանթորումը շահել է 33 պատվիրակներին, Ռոմնին՝ միայն 7-ին։
Վայոմինգում Ռոմնիին կաջակցի 7, Սանթորումին՝ 5 պատվիրակ։
Ու չնայած Գուամի, Հյուսիսային Մարիանայի ու Վիրջինյան կղզիների տարածքներում Ռոմնիի հաղթանակին, Քանզասում Սանթորումի հաղթանակը մի մեծ զարկ է տալիս վերջինիս ընտրապայքարին, քանի որ այս նահանգն ապահովում է ավելի մեծաթիվ պատվիրակներ, քան նշված բոլոր տարածքները միասին վերցված։
Որեւէ թեկնածու պետք է ստանա 1144 պատվիրակների աջակցություն, որպեսզի մասնակցի Ֆլորիդայի Թամփա քաղաքում օգոստոսի վերջին անցկացվելիք հանրապետականների համագումարին։
Վերջնական այս փուլում հաղթանակ տանելուց հետո միայն կընտրվի այն թեկնածուն, որը նոյեմբեր ամսին կմասնակցի ներկա նախագահ Բարաք Օբամայի դեմ նախագահական ընտրապայքարին։