Մատչելի հղումներ

Ռուհանի. «Իրանը ցանկանում է վերամիավորվել միջազգային տնտեսության հետ»


Իրանի նախագահի համաձայն, իր երկիրն ունի գալիք 30 տարվա ընթացքում աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների տասնյակը մտնելու ներուժ և նախատեսում է վերսկսել տնտեսական հարաբերություններն աշխարհի այլ պետությունների հետ

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ իր երկիրը պատրաստ է վերամիավորվել միջազգային տնտեսության հետ այն բանից հետո, երբ Իրանը կատարել է աշխարհի տերությունների հետ ձեռք բերված միջանկյալ համաձայնությունը՝ միջուկային ծրագրի իրականացումը սահմանափակելու շուրջ:

Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող նախագահ Ռուհանին, հանդես գալով գործարար աշխարհի առաջնորդների առջև, նշել է, որ Թեհրանը «առաջ է քաշում չափավորության և խոհեմության քաղաքականություն և հույսեր ունի՝ կապված միջազգային տնտեսության հետ»:

Իրանի նախագահի համաձայն, իր երկիրն ունի գալիք 30 տարվա ընթացքում աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների տասնյակը մտնելու ներուժ և նախատեսում է վերսկսել տնտեսական հարաբերություններն աշխարհի այլ պետությունների հետ:

Նախագահ Ռուհանին ասել է նաև, թե «չի տեսնում որևէ լուրջ խոչընդոտ» Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ մշտական պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում:

Նա մատնանշել է նաև, որ Իրանի նավթի հարուստ պաշարները կարող են կարևոր դեր ունենալ աշխարհի էներգետիկական կայունությունն առաջ քաշելու գործում:

Էներգետիկայի ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում նախագահ Ռուհանին խոստացել է մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը ներկայացնել Իրանում նավթի պայմանագրերին վերաբերող գրավիչ առաջարկներ:
XS
SM
MD
LG