Մատչելի հղումներ

Միթ Ռոմնիի որդին այցելել է Ռուսաստան


Նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի որդի Մեթյու Ռոմնին (աջից) (արխիվային լուսանկար)
Նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի որդի Մեթյու Ռոմնին (աջից) (արխիվային լուսանկար)

Ներդրողներ ներգրավելուց բացի, այցը կարող էր Ռոմնիից Պուտինին ուղղված հաղորդագրություն փոխանցելու նպատակ հետապնդել

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի որդի Մեթյու Ռմոնին այցելել է Ռուսաստան՝ փորձելով ներդրողներ գտնել անշարժ գույքի ոլորտում գործող իր «Excel Trust» ընկերության համար:

Ընտրարշավի ընթացքում Միթ Ռոմնին բազմիցս նշել է Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը խստացնելու անհրաժեշտության մասին և նույնիսկ անվանել է Ռուսաստանը «թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամի»:

Մեթյու Ռոմնին «Excel Trust» ընկերության բարձրաստիճան ղեկավարներից մեկն է: Միացյալ Նահանգներում «Excel Trust»-ը հանդիսանում է առևտրի բազմաթիվ կենտրոնների սեփականատերը: Ռոմնի-կրտսերի համաձայն, ընկերությունում վերջերս սկսել են քննարկել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հնարավորությունը, այդ թվում՝ Եվրոպայից և Ռուսաստանից:

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականի վկայությամբ, Ռուսաստան կատարած այցելությունը չի հետապնդել զուտ գործնական նպատակներ: Թերթի աղբյուրները վկայում են այն մասին, որ Մեթյու Ռոմնին իր հոր խնդրանքով երրորդ անձանց միջոցով Վլադիմիր Պուտինին ուղղված հաղորդագրություն է փոխանցել: Հաղորդագրության մեջ Ռոմնին հույս է հայտնել, որ ընտրություններում հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում Մոսկվան և Վաշինգտոնը կպահպանեն երկու պետությունների միջև առկա բարյացակամ հարաբերությունները:

Ըստ պարբերականի, այցելությունը, որը կատարվել է, երբ մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները մնում է մեկ շաբաթից պակաս ժամանակ, վկայում է այն մասին, որ նախագահի հանրապետական թեկնածուի ընտրարշավը միշտ չէ, որ համընկնում է իր գործնական և դիվանագիտական գործունեության հետ, կամ էլ բացահայտում է քաղաքական ընտրարշավի և ընտանեկան բիզնեսի միջև առկա հակասությունները:
XS
SM
MD
LG