Մատչելի հղումներ

Իտալիայի իշխանությունները հավաստիացնում են, որ չորեքշաբթի օրը երկրաշարժը չի ոչնչացնելու Հռոմը


Իտալիայի իշխանությունները հավաստիացնում են, որ չորեքշաբթի օրը երկրաշարժը չի ոչնչացնելու Հռոմը

Իտալիայի իշխանությունները շտապում են հավաստիացնել խուճապի մատնված իտալացիներին, որ, չնայած հանգուցյալ երկրաշարժագետի կանխատեսումներին, երկրաշարժը չի ոչնչացնելու Հռոմը չորեքշաբթի օրը ։

1979 թվականին կյանքից հեռացած ինքնուսույց երկրաշարժագետ Ռաֆայել Բենդանդին, ըստ ասեկոսեների, կանխատեսել է, թե վիթխարի երկրաշարժը Իտալիայի մայրաքաղաքը կոչնչացնի 2011 թվականի մայիսի 11-ին։

Բենդանդին հաջողությամբ կանխատեսել էր այլ երկրաշարժեր, սակայն նրա կյանքն ու գործունեությունն ուսումնասիրող մասնագետներն ասում են, որ Հռոմի վերաբերյալ նա որևէ կանխատեսում չի արել։

Իտալիայի իշխանությունները կառավարական կայքերում հրապարակել են երկրաշարժներ կանխատեսելու դժվարության և երկրաշարժի հիմնական գոտիներից Հռոմի դուրս գտնվելու մասին տեղեկություններ։

Այդ ամենը սակայն համոզիչ չի թվացել հռոմեացիներին, որոնք շարունակել են լքել քաղաքը։

Իտալիայում ուժգին երկրաշարժ վերջին անգամ տեղի է ունեցել 2009 թվականին Լ'Աքվիլա քաղաքում։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել էր 6,3 բալ, որին զոհ էր գնացել 300 մարդ։ Լ'Աքվիլայի երկրաշարժը զգացվել է մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հռոմում, սակայն չի դարձել ավերածությունների պատճառ։

XS
SM
MD
LG