Մատչելի հղումներ

Յուրի Շեվչուկ` Ռուսաստանը ղեկավարում են դքսերը


Ռոք աստղ Շեվչուկը հարցեր է տալիս վարչապետ Պուտինին
Ռոք աստղ Շեվչուկը հարցեր է տալիս վարչապետ Պուտինին

Շեվչուկը վարչապետի երեսին ասաց, որ Ռուսաստանը կառավարվում է “դքսերի” արտոնված դասի կողմից:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրավիրված մշակութային գործիչների թվում էր ռոք աստղ Յուրի Շեվչուկը: Ներկայումս Ռուսաստանի ինտերնետային հանրության քննարկման հիմնական նյութը վերջերս հայտնի ռոք երաժիշտ Յուրի Շեվչուկի և վարչապետ Վլադիմիր Պուտինի այդ հանդիպումն է: Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը երգիչը Ռուսաստանի ժողովրդավարության վերաբերյալ հանդուգն հարցադրումներ է կատարել քաղաքական գործչին:

Շեվչուկը վարչապետի երեսին ասաց, որ Ռուսաստանը կառավարվում է “դքսերի” արտոնված դասի կողմից, երկրում չկա մամուլի ազատություն, ցույցերը ճնշվում են անվտանգության ծառայության կողմից: Պուտինը պատասխանեց և խնդրեց, որ Շեվչուկը հանդիպումը չվերածի “բազարի”:

“Ակնհայտ է, որ երկիրն առանց նորմալ ժողովրդավարական զարգացման ապագա չունի, քանի որ միայն ազատ հասարակության մեջ անձը կարող է ինքնահաստատվել և զարգացնել երկիրը, գիտությունը, արտադրությունը, հակառակ դեպքում` ամեն ինչ կլճանա: Սակայն կարևոր պայման է նաև, որ բոլորը ենթարկվեն օրենքին”,-ասել է Պուտինը:

Ռուսական հեռուստատեսությունը հեռարձակել է միայն Պուտինի պատասխանը, բայց ոչ` Շեվչուկի հարցը: Ավելին, չի ցուցադրվել նաև այդ հանդիպմանը հետևած 1500 մարդկանց հավաքը Մոսկվայի կենտրոնական հրապարակում, որտեղ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտել պետական քաղաքականության վերաբերյալ:

Հավաքը սկսելուց 20 րոպե անց ոստիկանությունը ցրել է այն, ձերբակալել 150 հոգու, այդ թվում բլոգեր Իլյա Յաշինին, ով ասել էր, որ Ռուսաստանի ընդդիմության համար ինտերնետը միակ եղանակն է արտահայտվելու և լսելի լինելու համար:

“Ինտերնետը հատուկ նշանակությունը ունի մեզ համար: Դա երկրում խոսքի ազատության պաշտպանության վերջին ատյանն է: Մարդիկ չեն կարող իրենց քաղաքական հայացքներն արտահայտել հեռուստատեսությամբ, չկան ուղիղ հեռարձակումներ, թերթերը սահմանափակ են: Այդ պատճառով էլ ինտերնետը և բլոգերը վերջին տարիներին արագ են զարգացել”,-ասում է Յաշինը:

Յաշինն ակնկալում է, որ շատ բողոքի ցույցեր կնախորդեն հաջորդ տարվա նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Սակայն Կարնեգիի Միջազգային խաղաղության հիմնադրամի Մոսկվայի գրասենյակից Մաշա Լիպմանը կարծում է, որ այդ ցույցերն էական փոփոխություն չեն առաջացնի Կրեմլում:

“Այս պահին դա ազդեցություն չի ունենա քաղաքականության վրա, այն քաղաքականության գործընթացի մաս չէ: Քաղաքական գործընթացը և քաղաքական դաշտ մուտք գործելը խստորեն վերահսկվում է Կրեմլի կողմից: Կարևորն այն է, որ հանրության տրամադրվածությունն է փոխվում”,-բացատրում է Լիպմանը:

Լայն տարածում են գտել լուրերը, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի 2012թ. նախագահական ընտրություններին: Վերջին հասարակական հարցումների համաձայն` Վլադիմիր Պուտինը և նախագահ Մեդվեդեվը վայելում են հանրության հավանությունը` համապատասխանաբար` 80 և 77 տոկոսով: Միևնույն ժամանակ ինտերնետին մուտք ունեն ռուսների 37 տոկոսը:

XS
SM
MD
LG