Մատչելի հղումներ

«Ռուսաստանում կիրառվում են ընդդիմության դեմ պայքարելու ստալինյան մեթոդներ»


«Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպություն. Ռուսաստանի իշխանություններն ընդդիմության հետ երկխոսություն իրականացնելիս նախընտրում են «բռնությունների լեզուն»

Ռուսաստանի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի համաձայն, երկրի իշխանություններն ընդդիմության դեմ պայքարելու համար կիրառում են այնպիսի ռազմավարություն, որը հիշեցնում է բռնապետ Իոսիֆ Ստալինի կառավարման ժամանակ այլախոհության դեմ պայքարելու համար կիրառված մեթոդները:

Իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպությունը երեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսների աճող թվի նկատմամբ կիրառվող բռնությունները, ինչպես նաև «Փուսի Ռայըթ» կանանց փանք-ռոք խմբի երկու մասնակիցների բանտարկության հանգամանքը: Ձերբակալվել և «զանգվածային խռովություններ» կազմակերպելու մեջ է մեղադրվել նաև երկրի ընդդիմության մի քանի առաջնորդ:

«Մեմորիալ»-ի համոզմամբ, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի իշխանություններն ընդդիմության հետ երկխոսություն իրականացնելիս նախընտրում են «բռնությունների լեզուն», ներառյալ ձերբակալությունները, դատավարություններն ու ազատազրկման ճամբարները: Կազմակերպության համաձայն, 20-րդ դարի 20-ական և 30-ական թվականների նման մեծ տարածում են գտել քաղաքական դատավարություններ կեղծելու եղանակները:

Կրեմլը սակայն բազմիցս նշել է, թե գործում է օրենքի շրջանակներում և պարզապես դիմում է բռնի և չթույլատրված ցույցերի դեմ գործողությունների՝ փորձելով ամրապնդել երկրի և հասարակության անվտանգությունը:

«Մեմորիալ»-ն այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում հոկտեմբերի 30-ին նշվող քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օրը: 1991 թվականից՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակից նշվող այս օրը հիշատակում է 1937 թվականին մեկնարկած ստալինյան «Մեծ մաքրումը», որի զոհ էին գնացել միլիոնավոր մարդիկ:
XS
SM
MD
LG