Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատն այսօր քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:

Այս կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշել է, թե դեսպան Մորնինգսթարի թեկնածության լսումներն ԱՄՆ-ի Սենատին հնարավորություն կտան լույս սփռել այն հարցի վրա, թե իրականում ինչ է ընկած ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հիմքում:

«Պատրա՞ստ է վարչակազմը վճռականորեն վիճարկել Բաքվի սպառնալիքներն ու ագրեսիան, թե՞ դա պարզապես շարունակելու է աջակցել Իլահամ Ալիևի ռազմական էսկալացիային դեպի պատերազմն ուղղված երթին», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՄՆ-ի Կոնգրեսին Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում այս տարվա ապրիլի վերջին առաջարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Ռիչարդ Մորնինգսթարը սկսել է իր աշխատանքային գործունեությունը «Peabody & Brown» իրավաբանական ընկերությունից (այժմ` «Nixon Peabody»): Այնուհետ նա աշխատել է «Costar Corporation» ընկերությունում` որպես գլխավոր տնօրեն, իսկ 1990 թվակիանից զբաղեցրել է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:

Մորնինգստարը 1993 թվականի հունիսից զբաղեցրել է Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի ավագ փոխնախագահի պաշտոնը` քաղաքականության ու ներդրումային զարգացման հարցերով, 1999-ից 2001 թվականները զբաղեցրել է Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

2009 թվականի ապրիլի 20-ից Ռիչարդ Մորնինգսթարը զբաղեցնում է Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ն արտգործնախարարության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

XS
SM
MD
LG