Մատչելի հղումներ

Կոնգրեսականներ Ռոյսն ու Փալոնը հորդորել են նախագահ Օբամային հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը


ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները շեշտել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախումբը հորդորել է նախագահ Օբամային վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործին՝ կատարելով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և զոհերի հիշատակն ըստ արժանվույն հարգելու խոստումը, որը նա տվել է իր նախագահական ընտրարշավի ընթացքում։

«Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Ռոյսին և Փալոնին, ովքեր ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի բոլոր անդամների անունից կոչ են արել նախագահ Օբամային կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը», - ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Նախագահի պաշտոնավարման ընթացքում մենք ցավոք ականատես եղանք, որ նա ոչ միայն չի կատարել իր խոստումը, այլև դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հայ-թուրքական արձանագրությունների հարցում» - հավելել է Համբարյանը։

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների տան անդամներ Փալոնը և Ռոյսը, Սպիտակ տանն ապրիլի 22-ին իրենց ուղղած նամակում մասնավորապես նշել են, որ «Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ այս ոճռագործությունները մնան առանց ճանաչման և դատապարտման։ Քանի որ ԱՄՆ-ը շարունակում է օգնություն տրամադրել ցեղասպանությունների զոհերին, առաջնահերթ է հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին և երբևէ մոռացության չմատնել անցյալը»։

«Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին՝ մենք վերահաստատում ենք ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեր հանձնառությունը», - իրենց նամակում շեշտել են Ներկայացուցիչներ Փալոնն ու Ռոյսը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն այս տարվա մարտի 28-ին նամակ էր հղել նախագահ Օբամային, որտեղ հրավիրել է նրան հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի նահատակներին Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հուշահամալիրում։

Նախագահ Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը կատարելու կոչով ապրիլի 22-ին դիմել են նաև ծագումով հայ ավելի քան 1 500 ակտիվիստ՝ Կալիֆոռնիա նահանգի Քալվեր Սիթի քաղաքում գտնվող «Sony Pictures» ստուդիայի մոտակայքում անցկացված բողոքի ցույցի ընթացքում։

Նախագահ Օբաման այցելել է «Sony Pictures» ստուդիա՝ իր 2012 թվականի ընտրությունների համար դրամահավաքին մասնակցելու նպատակով։

XS
SM
MD
LG