Մատչելի հղումներ

Կոնգրեսական Բերմանը խոչընդոտել է ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքն Ադրբեջանին


ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հանել է Ադրբեջանն այն երկրների ցանկից, որոնց նախատեսվում է ուղղաթիռային տեխնիկա վաճառել

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ներկայացված մտահոգություններին ի պատասխան, որոնք առաջինը ներկայացրել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը, ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հանել է Ադրբեջանն այն երկրների ցանկից, որոնց նախատեսվում է ուղղաթիռային տեխնիկա վաճառել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, կոնգրեսական Բերմանը, հունիսի 27-ի ուշ երեկոյան Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական հաղորդագրություն ստանալուց հետո ասել է, որ «արտգործնախարար Հիլարի Քլինթընի կողմից ընդունվել է Հայաստանի ժողովրդի և տարածաշրջանում խաղաղության պահպանման շահերից բխող որոշում»:

«Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Բերմանին սպառազինության առաջարկված վաճառքին խոչընդոտելու նպատակով անհապաղ ձեռնարկված գործողությունների համար՝ մասնավորապես նկատի ունենալով Ալիևի վարչակարգի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ վերջերս իրականացված հարձակումները, որոնք կատարվել են Կովկասյան տարածաշրջան արտգործնախարարի կողմից վերջերս կատարված այցի հետ միաժամանակ», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը:

Կոնգրեսական Բերմանը ԱՄՆ-ի արտգործնախարարին հասցեագրված մայիսի 29-ի իր նամակում նշել էր, որ Ադրբեջանին սպառազինության վաճառքի դեպքում այն կարող է օգտագործվել Հայաստանի դեմ հարձակումներ իրականացնելու համար:
XS
SM
MD
LG