Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը հետևել է Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահներին». զեկույց


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը՝ Բրազիլիայում կայացած հանդիպման ժամանակ (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի ԱԱԳ-ը, ըստ զեկույցի, հետևում էր Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների էլեկտրոնային և հեռախոսային հաղորդագրություններին և հեռախոսազրույցներին

Բրազիլիայի կառավարությունն արտգործնախարարություն է հրավիրել այս երկրում ԱՄՆ-ի դեսպանին այն բանից հետո, երբ Բրազիլիայի հեռուստաընկերություններից մեկը ցուցադրել է հաղորդում երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության թիրախներից մեկը լինելու մասին:

Բրազիլիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմաս Շենոնը հանդիպում է ունեցել Բրազիլիայի արտգործնախարար Լուիս Ալբերտո Ֆիգեյրեդոյի հետ, որից առաջ Բրազիլիայի «Գլոբո Թի-Վի» հեռուստաընկերությունը ցուցադրել է հաղորդում, որի համաձայն Միացյալ Նահանգները լրտեսական գործունեություն են իրականացրել նախագահ Ռուսեֆի և Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նկատմամբ:

Բրազիլիայում ԱՄՆ-ի դեսպանությունը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել հանդիպման վերաբերյալ:

Բրազիլիայի հեռուստաընկերության հաղորդման մեջ ցույց է տրվել, թե ինչպես ԱՄՆ-ի ԱԱԳ-ը հետևում էր Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների էլեկտրոնային և հեռախոսային հաղորդագրություններին և հեռախոսազրույցներին: Հեռուստաընկերության համաձայն, ԱՄՆ-ի ԱԱԳ-ի լրտեսական գործունեության վերաբերյալ զեկույցի համար նյութեր տրամադրվել են ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից՝ Ռիո դե Ժանեյրոյում բնակվող լրագրող Գլեն Գրինվալդի միջոցով:

Բրազիլիայի և Մեքսիկայի նախագահների նկատմամբ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից լրտեսական գործողություններ իրականացնելու կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Բրազիլիայի արդարադատության նախարար Ժոզե էդուարդո Կարդոզոն: Նրա համաձայն, հաստատվելու դեպքում նման գործողությունները «հստակ խախտում են Բրազիլիայի ինքնիշխանությունը»:

«Լրտեսական գործողությունները վտանգում են ոչ միայն Բրազիլիայի, այլև մի քանի այլ պետությունների ինքնիշխանությունը, որը խախտվել է միջազգային իրավունքով սահմանված նորմերին միանգամայն հակառակ եղանակով», - ասել է Բրազիլիայի արդարադատության նախարարը:
XS
SM
MD
LG