Մատչելի հղումներ

«Օբամայի վարչակազմը նախատեսում է դադարեցնել լրտեսությունը դաշնակից պետությունների ղեկավարների նկատմամբ». ԱՄՆ-ի պաշտոնյաներ


ԱՄՆ-ի Սենատին վկայություններ կներկայացնի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը

Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ծանրութեթև է անում Միացյալ Նահանգների դաշնակից պետությունների ղեկավարների նկատմամբ Անվտանգության ազգային գործակալության կողմից իրականացվող լրտեսական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը գլխավորող Կալիֆորնիա նահանգի սենատոր Դայան Ֆայնստայնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ԱՄՆ-ի Սպիտակ տունը տեղեկացրել է իրեն այն մասին, որ «Միացյալ Նահանգների կողմից դաշնակիցների նկատմամբ հետախուզական տվյալների հավաքման գործողությունները չեն շարունակվի»:

Ֆայնստայնը սակայն նշել է, որ նախագահ Օբամայի վարչակազմի պաշտոնյաներն ավելի ուշ տեղեկացրել են, որ այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել:

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի հայտարարությունից մի քանի ժամ անց նախագահ Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվել է, թե ԱՄՆ-ի վարչակազմը «արդեն իսկ որոշումներ է կայացրել այս գործընթացի շուրջ», սակայն հրաժարվել է քննարկել սենատոր Ֆայնստանի հայտարարությունը:

Սենատոր Ֆայնստայնը, ի պատասխան գաղտնալսումների մասին մեղադրանքների, կոչ է արել իրականացնել ԱՄՆ-ի լրտեսական բոլոր ծրագրերի «ամբողջական ուսումնասիրություն»՝ հավելելով, որ իր գլխավորած հանձնաժողովը «բավարար եղանակով տեղեկացված չէր» ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից:

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովին լրտեսական գործողությունների հետ կապված սկանդալի կապակցությամբ երեքշաբթի օրը վկայություններ կներկայացնի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը:
XS
SM
MD
LG