Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում


Կոնգրեսական Ադամ Շիֆ (արխիվային լուսանկար)

«Հուսով ենք՝ ԱՄՆ-ի Սպիտակ տունը կհամաձայնվի տրամադրել «Հայ որբերի գորգն» այս միջոցառման համար, սակայն նման հանձնառության բացակայության պայմաններում միջոցառումն այնուամենայնիվ կկայանա»

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը այս տարվա մարտի 3-ին Կապիտոլյան բլուրում անցկացնելու է միջոցառում, որը նվիրված կլինի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության զոհերին օգնություն տրամադրելուն ուղղված արշավին, որը նպաստել էր ԱՄՆ-ի կողմից արդեն գրեթե հարյուր տարվա ընթացքում ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության տրամադրման աննախադեպ առաջնորդության մեկնարկին:

Այս մասին ասված է կոնգրեսական Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, որի համաձայն Կապիտոլյան բլուրում կայանալիք միջոցառումը նպատակ է հետապնդում ուսուցանելու ԱՄՆ-ի օրենսդիրներին, իրենց անձնակազմին և համայնքին Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության թիրախը դարձած հայ ժողովրդին տրամադրված աջակցության, ինչպես նաև ամբողջ աշխարհում տառապող մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրել շարունակելու անհրաժեշտության մասին:

«Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ Ամերիկայի հոգատարության և կարեկցանքի ոգին ըստ էության լավագույնս նշանավորում է «Հայ որբերի գորգը»՝ արվեստի մի գործ, որը ստեղծվել էր Ցեղասպանությունը վերապրած երիտասարդների կողմից և որպես նվեր ուղարկվել ԱՄՆ-ի Սպիտակ տուն «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»-ի կողմից՝ բարեգործական այն կազմակերպության, որի ստեղծումը ոգեշնչել էր նախագահ Ուիլսոնը, իսկ հիմնադրումն իրականացվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի հիման վրա», - ասված է Ադամ Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ: - «Ցավոք, ամերիկյան մեծահոգության այս խորհրդանիշը ցուցադրման համար դեռևս չի տրամադրվել ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից, ինչի հետևանքով չեղյալ էր հայտարարվել 2013 թվականի դեկտեմբերին Գորգի ցուցադրման հետ կապված միջոցառումը, որը պետք է անցկացվեր «Սմիթսոնիան» թանգարանում»:

«Հուսով ենք՝ ԱՄՆ-ի Սպիտակ տունը կհամաձայնվի տրամադրել «Հայ որբերի գորգն» այս միջոցառման համար, սակայն նման հանձնառության բացակայության պայմաններում այս միջոցառումն այնուամենայնիվ կկայանա», - նշված է Ադամ Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության տրամադրման գործում Ամերիկայի դերը պատմելուն ու հիշելուն արժանի պատմություն է», - ասել է կոնգրեսական Շիֆը՝ հավելելով. «Կարևոր է նաև հիշեցնել քաղաքականությունը մշակողներին Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության զոհերին օգնություն տրամադրելու գործում Միացյալ Նահանգների ունեցած հսկա դերակատարության մասին: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է գրեթե 100 տարի առաջ, աղետալի այնպիսի նշանակություն ունեցող իրադարձություն է, որ բոլոր պետությունները պարտավոր են ուսուցանել իրենց քաղաքացիներին տեղի ունեցածի մասին: Նման միջոցառումները, որոնց ընթացքում շեշտը դրվում է Ամերիկայի մարդասիրական կարևոր դերի վրա, միմիայն կնպաստեն դրան, որ իմ գործընկերները կհամոզվեն Հայոց ցեղասպանությունը վերջ ի վերջո ճանաչելու կարևորության մեջ»:

Հիշեցնենք, որ կոնգրեսական Շիֆը և ԱՄՆ-ի ևս 32 կոնգրեսականներ դրել են իրենց ստորագրություններն անցյալ տարի ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որը կոչ է անում փոխել Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար որպես երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը:
XS
SM
MD
LG