Մատչելի հղումներ

Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի աճյունը նույնականացվել է


Ռիչարդ III-ը եղել է մարտի դաշտում զոհված Անգլիայի վերջին թագավորը

Մեծ Բրիտանիայի գիտնականների համաձայն, Լեյսթեր քաղաքի ավտոկայանատեղերից մեկում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի աճյունի մնացորդները:

Լեյսթերի համալսարանի գիտնականները երկուշաբթի օրն անցկացված հեռուստաասուլիսի ժամանակ հայտնել են, որ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված մարտական վերքերի հետքերով մարդու կմախքն իրոք Ռիչարդ III թագավորի աճյունն է:

Ոսկրերի հետազոտությամբ զբաղվող փորձագետ Ջո Էփլբիի համաձայն, ոսկրերի ուսումնասիրության արդյունքում «վստահության չափազանց բարձր աստիճանով կարելի է խոսել» Անգլիան ընդամենը երկու տարի կառավարած և 1485-ին Բոսվորթի ճակատամարտում սպանված 32-ամյա թագավորի նույնականացման մասին:

Թագավորի աճյունի մնացորդների նույնականացման համար իրականացվել է նաև ԴՆԹ-ի վերլուծություն, որը կատարած մասնագետները նույնպես եզրակացրել են, որ դրանք թագավորի մնացորդներն են: Նրանք համեմատել են կանադացի Մայքլ Իբսենի ԴՆԹ-ի հետ, որը համարվում է Ռիչարդ III-ի քրոջ` Աննայի սերունդը: Ըստ գիտնականների` Իբսենի բարեկամական կապերն այն մարդու հետ, որի մնացորդները հայտնաբերվել էին Լեսթերում, «կասկածներից վեր է»:

Ռիչարդ III-ը եղել է մարտի դաշտում զոհված Անգլիայի վերջին թագավորը, որին Ուիլյամ Շեքսպիրն իր պիեսում որպես անգութ բռնակալի է նկարագրել: Պատմաբաններից շատերը սակայն համաձայն չեն Շեքսիպիրի նկարագրության են:

Պատմական գրառումների համաձայն, թագավորի դին թաղվել էր Լեյսթերի կաթոլիկ եկեղեցիներից մեկում, սակայն եկեղեցու շենքը հետագայում քանդվել էր, իսկ թագավորի գերեզմանի տեղը՝ մոռացության մատնվել:
XS
SM
MD
LG