Մատչելի հղումներ

«Մենք ամենուր ենք և ամենուր մենք կպայքարենք»


«Շուտով, ես խոստանում եմ ձեզ, որ իշխանությունները ստիպված կլինեն հասկանալ, որ ժողովուրդը չի հեռանա. Հայաստանի քաղաքացիներն արդեն հռչակել են իրենց հաղթանակը». Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլի տասներկուերորդ օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերահաստատեց իր նվիրումը ներկայումս Հայաստանում լայն թափ հավաքող ազգային մեծ զարթոնքին:

«Մենք ամենուր ենք», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «և ամենուր մենք կպայքարենք: Մենք կհավաքվենք փողոցներում: Մենք կմասնակցենք ընտրություններին: և շուտով, ես խոստանում եմ ձեզ, որ իշխանությունները ստիպված կլինեն հասկանալ, որ ժողովուրդը չի հեռանա. Հայաստանի քաղաքացիներն արդեն հռչակել են իրենց հաղթանակը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, իր նախընտրական շտաբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրավիրել է իր խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին՝ ներկայացնելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունների՝ համընդգրկուն դաշինքով ներկայացող «Բարև, Երևան» ցուցակը, որը հինգշաբթի օրը «Բարևահեղափոխություն» շարժումը հանձնեց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հաղորդագրության համաձայն, ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, որն էլ շարժման քաղաքապետի թեկնածուն է:

«Աննախադեպ թիմով ներկայացող ցուցակում ընդգրկված են քաղաքական, քաղաքացիական և մշակութային գործիչներ, որոնց թվում են Ա1+ լրատվական գործակալության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, դպրոցի նախկին տնօրեն և Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, երաժիշտ, մտավորական Արթուր Իսպիրյանը և բոլոր այն բնագավառների ներկայացուցիչները, ովքեր իրենց նվիրել են մայրաքաղաքը ետ վերցնելու և ժողովրդի հաղթանակը Երևան բերելու գործին», - ասված է հաղորդագրության մեջ:

Դաշինքի մեջ, Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փոխանցմամբ, ընդգրկվել են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական Ուղի», «Պահպանողական» և «Շրջադարձ» կուսակցությունները:

Ազատության հրապարակում հինգշաբթի օրվա ավարտին կայացել է քաղաքացիական խորհրդի հերթական հանդիպումը, որն անխուսափելիորեն արծարծեց Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների թեման: Որպես գլխավոր բանախոս հանդես եկավ Արմեն Մարտիրոսյանը, ում քիչ անց միացավ Դավիթ Սանասարյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լևոն Բաղրամյանը:

«Ես հպարտ եմ այս պատմական իրադարձությանը մաս կազմելու համար»,- դիմելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների, ասել է Արմեն Մարտիրոսյանը: «Մայրաքաղաքում ժողովրդին իշխանության բերելու մեր պայքարում ես մշտապես կմնամ ճշմարիտ և հաշվետու ձեր առջև», - ընդգծել է բանախոսը:
XS
SM
MD
LG