Մատչելի հղումներ

Պատմական իրադարձություն Հյուսիսային Իռլանդիայում


Մեծ Բրիտանիայի թագուհին և Իռլանդիայի հանրապետական բանակի նախկին ղեկավարը ձեռք են սեղմել
Մեծ Բրիտանիայի թագուհին և Իռլանդիայի հանրապետական բանակի նախկին ղեկավարը ձեռք են սեղմել

Մեծ Բրիտանիայի թագուհին և Իռլանդիայի հանրապետական բանակի նախկին ղեկավարը ձեռք են սեղմել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը Հյուսիսային Իռլանդիա կատարվող իր այցի շրջանակում հանդիպել է Հյուսիսային Իռլանդիայի ներկայիս առաջին նախարար՝ Իռլանդիայի հանրապետական բանակի նախկին առաջնորդ Մարտին ՄըքԳինեսի հետ, որի ընթացքում տեղի է ունեցել պատմական իրադարձություն՝ թագուհին և զինյալների նախկին առաջնորդը ձեռք են սեղմել:

Թագուհի Եղիսաբեթն ու Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարը ձեռք են սեղմել չորեքշաբթի օրը՝ Բելֆաստի թատրոնում փակ ներկայացման այցելության սկզբին:

Պատմական այս իրադարձությունը խորհրդանշում է Մեծ Բրիտանիային կառավարման տակ գտնվող այս տարածքում 1998 թվականին Ավագ ուրբաթի համաձայնության կնքման ժամանակից հաստատված տևական խաղաղությունը: Համաձայնությամբ վերջ է դրվել կաթոլիկների կողմին հանդես եկող Իռլանդիայի հանրապետական բանակի զինյալների կողմից բողոքական Մեծ Բրիտանիայի զինծառայողների դեմ վարվող պայքարին: Զինված այս պայքարը խլել է ավելի քան 3,5 հազար մարդու, ներառյալ թագուհի Եղիսաբեթի բարեկամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս լորդ Մաունթբաթենի կյանքը:

Լորդ Մաունթբաթենը զոհվել է 1979 թվականին իր վրա կատարված մահափորձի հետևանքով՝ իրեն պատկանող նավակում Իռլանդիայի հանրապետական բանակի զինյալների կողմից տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի պատճառով:

Իռլանդիայի հանրապետական բանակի քաղաքական թև հանդիսացող «Սին Ֆեյն»-ը շարունակում է դեմ հանդես գալ Հյուսիսային Իռլանդիայում Մեծ Բրիտանիայի կառավարման:

86-ամյա թագուհին և իր ամուսին, արքայազն Ֆիլիպը երեքշաբթի օրը ժամանել էին Հյուսիսային Իռլանդիայի ծովափնյա փոքր Էնիսքիլեն գյուղ, որտեղ Մեծ Բրիտանիայի միապետին ողջունել էին գյուղի բնակիչները:

Էնիսքիլեն գյուղը եղել է Մեծ Բրիտանիայի իշխանության դեմ Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից մի քանի տասնյակ տարիների ընթացքում վարած պայքարի ամենաարյունոտ իրադարձությունների վայրը: Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից 1987 թվականին Մեծ Բրիտանիայի վարած պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված արարողության ընթացքում գործարկված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել էր տասնմեկ մարդ: Այս իրադարձությունը ցնցել է ամբողջ աշխարհը և դարձել խաղաղության լուրջ բանակցությունների դրդապատճառը:
XS
SM
MD
LG