Մատչելի հղումներ

Ռուսաստանը կընդլայնի զենքի առաքումները Վիետնամին


Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել Վիետնամին սպառազինության հիմնական առաքողի դիրքերը և մշակում է սպառազինության որոշ տեսակների այդ երկրում արտադրության ծրագրեր

Վիետնամ երեքշաբթի օրը մեկօրյա պաշտոնական այցով ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է ընդլայնել ռուսական զենքի առաքումն այս երկիր, որն անհանգստացած է Հարավ-չինական ծովում Չինաստանի կողմից տարածքային պահանջների ընդլայնմամբ:

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նախագահ Չիոնգ Տան Շանգի հետ անցկացված բանակցություններից հետո նախագահ Պուտինն ասել է, որ նախատեսվում է ընդլայնել «Վիետնամի բանակի համար առաքվող ժամանակակից արտադրանքի տեսականին»:

Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Վիետնամի հետ միջկառավարական նոր պայմանագրով նախատեսվում է նաև Ռուսաստանում այս երկրի բանակի և ռազմական նավատորմի համար կադրերի նախապատրաստում:

Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել Վիետնամին սպառազինության հիմնական առաքողի դիրքերը և մշակում է սպառազինության որոշ տեսակների այդ երկրում արտադրության ծրագրեր:

Երկու պետությունների համատեղ ծրագրերը ներառում են նաև Վիետնամի տարածքում Ռուսաստանի աջակցությամբ ատոմակայանի կառուցումը և համապատասխան մասնագետների վերապատրաստումը:

Նախքան 1991 թվականին Խորհրդային Միության տեղի ունեցած փլուզումը Ռուսաստանն ու Վիետնամը գաղափարախոսական դաշնակիցներ են եղել: Նախագահ Պուտինի իշխանության գալուց հետո ռուս-վիետնամական հարաբերությունները բարելավվել են, և 2001 թվականին Մոսկվան ու Հանոյը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր:

Ռուսաստանի նախագահի Վիետնամ կատարվող այցին ընդառաջ Վիետնամի մամուլում հրապարակվել էր հոդված, որտեղ Պուտինը նշել է, որ Ռուսատանի ու Վիետնամի դիրքորոշումները միջազգային բազմաթիվ խնդիրների շուրջ համընկնում են:
XS
SM
MD
LG