Մատչելի հղումներ

Պուտին. «Ռուսաստանը դեռևս զերծ կմնա ԱՄՆ-ի ու Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցներից»


«Ինչ վերաբերում է առաջին դեպքին՝ ամերիկյան պատժամիջոցներին, ինչպես նաև երկրորդ դեպքին՝ Ուկրաինայի կողմից մուտքի արտոնագրային ռեժիմի ընդունման, ապա, իմ կարծիքով, մենք դեռևս չպետք է պատասխան քայլեր ձեռնարկենք»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանը դեռևս պատասխան պատժամիջոցներ չի ընդունի ԱՄՆ-ի, ինչպես նաև Ուկրաինայի նկատմամբ՝ վերջինիս կողմից Ռուսաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդունման կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել ուրբաթ օրը Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

«Ինչ վերաբերում է առաջին դեպքին՝ ամերիկյան պատժամիջոցներին, ինչպես նաև երկրորդ դեպքին՝ Ուկրաինայի կողմից մուտքի արտոնագրային ռեժիմի ընդունման, ապա, իմ կարծիքով, մենք դեռևս չպետք է պատասխան քայլեր ձեռնարկենք», - ասել է նախագահ Պուտինը:

«Դա նախ և առաջ վերաբերվում է Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրային ռեժիմին, քանի որ նման ռեժիմի ներմուծման դեպքում կտուժեն միլիոնավոր անմեղ ուկրաինացիներ, որոնք արդեն իսկ հարուստ չեն ապրում, և, աշխատելով Ռուսաստանում, մի փոքր գումար են վաստակում՝ իրենց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Պետք չէ դա անել», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանի նախագահն այնուամենայնիվ չի մանրամասնել, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչպիսի պատժամիջոցներից է ինքն առաջարկում զերծ մնալ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ «սև ցուցակում» ներառելով Ռուսաստանի 20 պաշտոնյաների, ներառյալ Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկին:

ԱՄՆ-ի նախագահի պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարությունից հետ Ռուսաստանը գրեթե անմիջապես ընդունել է պատասխան պատժամիջոցներ՝ արգելելով մուտքը երկիր ԱՄՆ-ի ինը օրենսդիրներին և պաշտոնյաներին:
XS
SM
MD
LG