Մատչելի հղումներ

Պուտինը Ուկրաինայում քաղաքական կարգավորման հույս է հայտնել


Ռուսաստանի Դաշնության Ժողովին ուղղված ամենամյա ուղերձում Պուտինը զգուշացրել է, որ որևէ երկիր չպետք է ունենա Ռուսաստանի նկատմամբ ռազմական առավելության հասնելու պատրանքներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ծավալված առճակատումը քաղաքական լուծում կստանա, և որ Կիևն արդյունքում հետաքրքրություն կհայտնի Մաքսային միությանը միանալու նկատմամբ:

«Նույնիսկ մինչև Կիևում ծավալված այս բոլոր իրադարձությունները, որոնք մենք տեսնում ենք, իսկ ես հուսով եմ, որ երկրի բոլոր քաղաքական ուժերին՝ ի նպաստ Ուկրաինայի ժողովրդին, կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել և լուծել կուտակված բոլոր խնդիրները, սակայն մինչև այս բոլոր խնդիրները, սկսած ընթացիկ տարվա մայիս ամսվանից Ուկրաինան ցանկություն էր հայտնել և մասնակցում է «եռյակի» բոլոր հանդիպումներին՝ դիտորդի կարգավիճակով, մասնակցում է քննարկումներին և բազմիցս հանդես է եկել Մաքսային միության առանձին համաձայնություններին միանալու ցանկությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ Ռուսաստանի Դաշնության Ժողովին ուղղված ամենամյա ուղերձում:

«Հուսով եմ, որ Եվրասիական ինտեգրման իրական ձեռքբերումները միայն կբարձրացնեն վերջինիս նկատմամբ մեր այլ հարևանների հետաքրքրվածությունը, այդ թվում՝ Ուկրաինայի գործընկերների կողմից», -ասել է Ռուսաստանի նախագահը:

Իր ուղերձում Պուտինն ասել է, թե Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ չի պարտադրում, «սակայն եթե մեր բարեկամներն ունեն համատեղ աշխատելու ցանկություն, մենք պատրաստ ենք շարունակելու աշխատանքը փորձագետների մակարդակով»:

Ռուսաստանի Դաշնության Ժողովին իր ուղերձում նախագահ Պուտինը, բացի այդ, զգուշացրել է, որ որևէ երկիր չպետք է ունենա Ռուսաստանի նկատմամբ ռազմական առավելության հասնելու պատրանքներ:

«Մենք դա երբևէ թույլ չենք տալու: Ռուսաստանը կարձագանքի այս բոլոր մարտահրավերներին՝ քաղաքական և տեխնոլոգիական: Դրա համար մենք ունենք անհրաժեշտ ներուժը», - ասել է նախագահ Պուտինը:
XS
SM
MD
LG