Մատչելի հղումներ

Պուտին. Ռուսաստանը կարող է սատարել Սիրիայի դեմ ռազմական գործողությունները


Ռուսաստանի նախագահը պնդում է, որ պետք է ներկայացվեն քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման անհերքելի ապացույցներ, և հարվածի իրականացումը պետք է հավանության արժանացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ իր երկիրը կարող է սատարել Սիրիայի դեմ որպես քիմիական զենքի կիրառման արձագանք իրականացվելիք ռազմական գործողությունները, սակայն նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից նման զենքի կիրառման վերաբերյալ պետք է ներկայացվեն անհերքելի ապացույցներ:

Բացի այդ, ըստ Պուտինի, Սիրիայի դեմ ռազմական գործողությունները պետք է արժանանան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության:

Պատասխանելով «Ասոշիենթիդ Փրես» գործակալության այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է սատարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և այլ պետությունների կողմից իրականացվող ռազմական գործողությունները, եթե ներկայացվեն այդ հարձակումները Սիրիայի կառավարության կողմից իրականացված լինելու հստակ ապացույցներ, Պուտինն ասել է. «Ես դա չեմ բացառում»:

Ռուսաստանի նախագահն ասել է սակայն, որ միջազգային գործող իրավունքի համաձայն, ինքնիշխան պետության դեմ զենքի կիրառման սանկցիա կարող է տրվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

«Անկախ և ինքնիշխան պետության դեմ ուժի կիրառումն արդարացնող ցանկացած այլ հիմքեր և եղանակներ անթույլատրելի են և դրանք հնարավոր չէ որակել այլ կերպ, քան ագրեսիա», - շեշտել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը, բացի այդ, նշել է, որ Մոսկվան չունի Դամասկոսի մոտակայքում տեղի ունեցածի մասին հստակ տեղեկություններ, որտեղ, ըստ ԱՄՆ-ի կառավարության, Սիրիայի բանակը քիմիական զենք է կիրառել:

Պուտինի կարծիքով, եթե որևէ պետություն ունի քիմիական զենքի կիրառման, և, բացի այդ, կանոնավոր բանակի կողմից կիրառման մասին տեղեկություններ, ապա նման ապացույցներ պետք է ներկայացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

«Դրանք պետք է համոզիչ լինեն: Դրանց հիմքում չպետք է ընկած լինեն որևէ ասեկոսեներ և դրանք չպետք է ստացված լինեն հատուկ ծառայությունների կողմից իրականացված որևէ խոսակցությունների գաղտնալսման արդյունքում», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը սակայն խոստացել է, որ նման ապացույցներ ներկայացված լինելու դեպքում, Ռուսաստանը «սկզբունքային դիրքորոշում կզբաղեցնի»:

«Այս դիրքորոշման սկզբունքայնությունը կայանում է նրանում, որ զանգվածային ոչնչացման միջոցների կիրառումը հանցագործություն է», - ասել է Ռուսաստանի նախագահ Պուտինը:
XS
SM
MD
LG