Մատչելի հղումներ

Պուտինը ստորագրել է Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու պայմանագիր


Լեհաստանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ղրիմում Ռուսատանի կողմից իրականացվող գործողությունները՝ շեշտելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան «տարածքի գրավում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղրիմի առաջնորդները երեքշաբթի օրը ստորագրել են սևծովյան թերակղզին Ռուսաստանի մաս դարձնելու մասին պայմանագիրը Ղրիմում Ուկրաինայից առանձնանալու հարցով անցկացված հանրաքվեից երկու օր անց:

Ղրիմը Ռուսաստանի միացնելու մասին պայմանագիրը Պուտինը ստորագրել է Ղրիմի կառավարության վարչապետ Սերգեյ Աքսյոնովի և այլ պաշտոնյաների ներկայությամբ, որոնց թվում էր նաև Ռուսատանի սևծովյան նավատորմի տեղակայման վայր Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալովը:

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, «Ղրիմը պետք է Ռուսատանի Դաշնության կազմում ընդունված համարվի պայմանագիրը ստորագրելու ամսաթվից»:

Ղրիմը Ռուսատանի կազմում ընդունելու մասին պայմանագիրը ստորագրելուց առաջ նախագահ Պուտինն ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի խորհրդարանում, որի ընթացքում ասել է, ու «Ղրիմը միշտ եղել է Ռուսաստանի անօտարելի մասը»:

Ռուսաստանի խորհրդարանին իր ուղերձում նախագահ Պուտինը ներկայացրել է Ղրիմի կարևորությունը՝ պնդելով, թե Ղրիմում հանրաքվեն համապատասխանել է ժողովրդավարական և միջազգային նորմերին:

Լեհաստանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ղրիմում Ռուսատանի կողմից իրականացվող գործողությունները՝ շեշտելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան «տարածքի գրավում»:

ԱՄՆ-ի փոխնախագահը շեշտել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կընդունեն Ռուսատանի նկատմամբ այն դեպքում, եթե Մոսկվան շարունակի Ղրիմի բռնակցումը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդները գալիք շաբաթ հանդիպում կանցկացնեն Հաագայում միջուկային անվտանգության հարցերով կայանալիք գագաթաժողովի շրջանակներում՝ քննարկելու համար հետագա քայլերը, որոնք «հնարավոր է ձեռնարկել ի պատասխան ստեղծված իրավիճակին՝ Ուկրաինային աջակցելու նպատակով»:
XS
SM
MD
LG