Մատչելի հղումներ

Պուտինն անհրաժեշտ չի համարում անմիջապես ձեռնարկել պատասխան պատժամիջոցներ


«Մենք չէինք ցանկանա դիմել պատասխան որևէ քայլերի, պատասխան միջոցների: Հուսով եմ՝ գործը դրան չի հասնի», - ասել է Ռուսաստանի նախագահը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե Մոսկվան անհրաժեշտ չի համարում Արևմուտքի նկատմամբ պատասխան պատժամիջոցների անմիջական սահմանումը, սակայն կարող է վերանայել երկրի տնտեսության մեջ, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտի նախագծերում, արևմտյան ընկերությունների մասնակցությունը:

«Մենք չէինք ցանկանա դիմել պատասխան որևէ քայլերի, պատասխան միջոցների: Հուսով եմ՝ գործը դրան չի հասնի», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների հետ ունեցած հանդիպումից հետո:

«Եթե սակայն նման քայլերը շարունակվեն, ապա մեզ, իհարկե, անհրաժեշտ կլինի մտածել այն մասին, թե ով և ինչպես է գործում Ռուսաստանի Դաշնությունում, Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում» - շեշտել է Ռուսաստանի նախագահը:

Նախագահ Պուտինը, բացի այդ, «անհասկանալի» է անվանել Արևմուտքի կողմից ընդունված պատժամիջոցների «երկրորդ փաթեթը»:

«Ես դժվարանում եմ բացատրել, թե ինչի հետ է կապված այն, քանի որ Ուկրաինայում այժմ տեղի ունեցող իրադարձությունների և Ռուսատանի միջև պատճառահետևանքային որևէ կապ չկա», - համոզվածություն է հայտնել Ռուսաստանի նախագահը:

Չնայած վերջին տարիներին Արևմուտքի նավթային որոշ ընկերություններ հեռացել են Ռուսաստանի շուկայից՝ գործարարության համար այնտեղ ստեղծված անբարենպաստ պայմանների պատճառով, սակայն ամերիկյան «Էքսոն Մոբիլ» և «Շևրոն» ընկերությունները, ինչպես նաև բրիտանական «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերությունը գործարար լուրջ կապեր ունեն Ռուսաստանի հետ:
XS
SM
MD
LG