Մատչելի հղումներ

«Մոսկվային դժվար կլինի հարաբերություններ հաստատել Կիևի նոր իշխանությունների հետ». Պուտին


Պուտինը, կրկին անգամ կասկածի տակ դնելով կիրակի օրն Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների օրինականությունը, նշել է, թե «առավել տրամաբանական» կլիներ Ուկրաինայում նախ անցկացնել նոր սահմանադրության շուրջ հանրաքվե

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանին դժվար կլինի հարաբերություններ հաստատել Ուկրաինայի առաջնորդների հետ, որոնք իշխանության գլուխ կգան «այն ժամանակ, երբ Ուկրաինայի արևելքում շարունակվում են պատժիչ գործողությունները»:

Ռուսաստանի իշխանությունները հաճախակի «պատժիչ» են անվանում Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից երկրի արևելքում իրականացվող գործողությունները: Ուկրաինայի իշխանությունները սակայն պնդում են, որ երկրի անվտանգության ուժերի կողմից ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղված գործողությունները երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված օրինական միջոցներ են:

Պուտինը, կրկին անգամ կասկածի տակ դնելով կիրակի օրն Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների օրինականությունը, նշել է, թե «առավել տրամաբանական» կլիներ Ուկրաինայում նախ անցկացնել նոր սահմանադրության շուրջ հանրաքվե:

«Արդյո՞ք ավելի լավ չէր լինի սկզբից հանրաքվե անցկացնել այս բոլոր հիմնական խնդիրների շուրջ՝ հանրաքվե սահմանադրության շուրջ, ապա սահմանադրության հիման վրա ընտրել և՛ նախագահին, և՛ խորհրդարանը, և ձևավորել կառավարության կազմը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

«Կարևոր են ոչ թե ընտրությունները, այլ կարևոր է հարաբերություններ հաստատել Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների հետ, որպեսզի որտեղ էլ չապրեն մարդիկ՝ լինի դա երկրի արևմուտքում, արևելքում, թե՝ հյուսիսում, նրանք լիարժեք իրավունքներ ունեցող քաղաքացիներ զգան իրենց», - համոզվածություն է հայտնել Պուտինը:

Ռուսաստանի նախագահը, բացի այդ, մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին մամուլի ներկայացուցիչների աշխատանքը խաթարելու մեջ: Նա ասել է, թե «LifeNews» առցանց պորտալի լրագրողների հետ, որոնց Ուկրաինայի անվտանգության ուժերը ձերբակալել էին մայիսի 18-ին, ոչ պատշաճ եղանակով են վերաբերվում:

Ռուսաստանի նախագահի համաձայն, դա կարող է հարցեր առաջացնել Ուկրաինայում «այս բոլոր քաղաքական գործընթացների լեգիտիմության մասին»:

Նախագահ Պուտինը «անհեթեթություն» է անվանել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, որոնց համաձայն ռուսաստանցի լրագրողների մեքենայում հայտնաբերվել են ձեռքի զենիթային սարքեր:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին նախօրեին արձագանքել էր Ուկրաինայի արևելյան Կրամատորսկ քաղաքի մոտակայքում մայիսի 18-ին «LifeNews» ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից իրականացված ձերբակալությանը:

«Մենք, որպես կանոն, դատապարտում ենք բոլոր լրագրողների անօրինական ձերբակալությունը», - ասել է Ջեն Փսաքին՝ հավելելով, որ այս դեպքում սակայն, «հիմք ընդունելով հրապարակված տեղեկությունները և ուկրաինական կողմի հետ ունեցած զրույցը, այդ մարդկանց մոտ հայտնաբերվել էին կեղծ վկայականներ, տրված գոյություն չունեցող Դոնեցկի հանրապետության կողմից, իսկ նրանց մեքենաներում կային ձեռքի զենիթահրթիռային համակարգեր»:

«Դա հարցեր է առաջացնում այն մասին, թե ովքեր են իրականում եղել այս մարդիկ, և թե արդյոք նրանք լրագրողներ են», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG