Մատչելի հղումներ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի զինված ուժերի ներկայության մասին


«Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ ռազմական լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկվել՝ ի պատասխան այս երկրում ձևավորված անկայունության». Դմիտրի Պեսկով

«Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ ռազմական լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկվել՝ ի պատասխան այս երկրում ձևավորված անկայունության»:

Այս հայտարարությամբ շաբաթ օրը հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի իշխանությունները սակայն ավելի վաղ բազմիցս նշել են, թե Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զինված ուժերը «կանոնավոր զորավարժություններ են անցկացնում»:

«Մեր զորամիավորումները տեղակայված են տարբեր շրջաններում: Զորամիավորումներ կան Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում, դրանց մի մասը գտնվում է այնտեղ մշտապես, մյուսը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ Ուկրաինան երկիր է, որտեղ, իր կարծիքով, վերջերս ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, և ցանկացած պետություն իրավունք ունի իր անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել կանխարգելիչ որոշակի միջոցներ:

Դմիտրի Պեսկովի համաձայն, Ռուսաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի, իր տարածքի սահմաններում, ուղարկել զինված ուժերը ցանկացած վայր՝ առանց որևէ սահմանափակումների:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, բացի այդ, հերքել է այն պնդումները, որոնց համաձայն Ռուսաստանի զինծառայողները միջամտել են Ուկրաինայում տեղի ունեցող հարաբերություններին: Նա «բացարձակապես սխալ» է որակել նման տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս անցկացված «ուղիղ գծի» ժամանակ վերջինս ընդունել էր, որ Ղրիմում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ եղել են Ռուսաստանի զինծառայողներ:

«Այլ կերպ անհնար էր անցկացնել հանրաքվեն և օգնել մարդկանց իրենց կարծիքն արտահայտելու հարցում», - ասել էր Ռուսաստանի նախագահը:
XS
SM
MD
LG