Մատչելի հղումներ

Հանդիպում Վատիկանում՝ Հռոմի պապի և Ռուսաստանի նախագահի միջև


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ Սիրիայի շուրջ խաղաղության բանակցություններում պետք է ներառվեն կրոնական և ազգային տարբեր խմբեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Վատիկան, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում բռնություններին վերջ տալու և այս երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմին դիվանագիտական լուծում գտնելու ճանապարհները:

Պաշտոնական Վատիկանի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի և Հռոմի պապի միջև հանդիպումը անցկացվել է ջերմ մթնոլորտում:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ Սիրիայի շուրջ խաղաղության բանակցություններում պետք է ներառվեն կրոնական և ազգային տարբեր խմբեր, և բանակցությունների ընթացքում պետք է քննարկվի դրանց դերը Սիրիայի հասարակության մեջ:

Նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Սանկտ Պետերբուրգում այս տարվա սեպտեմբերին անցկացված «Մեծ քսանյակի» գագաթաժողովից առաջ իրեն հասցեագրված նամակի համար: Այդ նամակում Հռոմի Ֆանցիսկոս պապը հորդորել է աշխարհի առաջնորդներին կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովել բոլոր մարդկանց համար՝ նշելով, որ աշխարհի տնտեսությունը չի կարող զարգանալ առանց նման արդար պայմանների ապահովման:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ու նախագահ Պուտինը հանդիպման ընթացքում փոխանակել են նվերներ: Նախագահ Պուտինը Հռոմի պապին է փոխանցել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի բարեմաղթանքները, սակայն չի հրավիրել Հռոմի պապին այցելել Ռուսաստանի մայրաքաղաք:

Ռուս ուղղափառ եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերություններում դարեր շարունակ պահպանվում է լարվածություն, քանի որ Ուղղափառ եկեղեցին մեղադրում է Վատիկանին հավատացյալներին իր կողմ քաշելու մեջ: Կաթոլիկ եկեղեցին հերքում է նման մեղադրանքները:
XS
SM
MD
LG