Մատչելի հղումներ

Պուտինը և Նեթանյահուն Սիրիայի հարցի շուրջ բանակցություններ են անցկացնում


«Իսրայելը և Ռուսաստանը կարող են աշխատել համատեղ՝ Մերձավոր Արևելքն առավել անվտանգ և ապահով դարձնելու ուղղությամբ». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում անցկացվող հանդիպման ժամանակ ասել է, թե Իսրայելը և Ռուսաստանը կարող են աշխատել համատեղ՝ Մերձավոր Արևելքն առավել անվտանգ և ապահով դարձնելու ուղղությամբ:

Իսրայելն ու Արևմուտքի տերությունները մտահոգված են Ռուսաստանի կողմից Սիրիային հակաօդային պաշտպանության ժամանակակից կայանքներ վաճառելու ծրագրերով, քանի որ այդ կայանքները կարող են զգալի դժվարություն ստեղծել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի ուղղությամբ օդային հարվածների կիրառման դեպքում:

Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթ հայտնել էր, թե իր երկիրն ավարտի է հասցնում առկա պայմանագրերի շրջանակներում Սիրիային սպառազինության մատակարարման աշխատանքները՝ չնշելով սակայն, արդյոք դրանք ներառում են հակաօդային պաշտպանության ժամանակակից «Ս-300» կայանքների առաքումը:

Նեթանյահույի և Պուտինի միջև բանակցությունները կազմում են Սիրիայի շուրջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից առաջարկված միջազգային համաժողով կազմակերպելուն ուղղված ջանքերի մասերից մեկը: Նման համաժողովի անցկացման հնարավորությունը, որի ընթացքում ծրագրվում է Սիրիայի կառավարության և ընդդիմության անդամների մասնակցությունը, Ռուսաստանի նախագահը քննարկել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ: Սակայն դեռևս անհայտ է, արդյոք Սիրիայում հակամարտող կողմերից որևէ մեկը կտա համաժողովին մասնակցելու իր համաձայնություն:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը երեքշաբթի օրը հրապարակել է երկրի տեղեկատվության նախարարի հաղորդագրությունը, որի համաձայն համաժողովին մասնակցելու մասին որոշում կայացնելու համար կառավարությանն անհրաժեշտ են ավելի շատ տեղեկություններ՝ հավելելով, որ Սիրիայի իշխանությունները չեն մասնակցի որևէ երկխոսության, որը կարող է խախտել երկրի ինքնիշխանությունը:
XS
SM
MD
LG