Մատչելի հղումներ

Պուտինը հանել է օլիմպիական խաղերի ժամանակ բողոքի ցույցերի անցկացման արգելքը


Պուտինի ստորագրած հրամանագրում նշված է, որ բողոքի ցույցերը և երթերը պետք է առնչություն չունենան օլիմպիական խաղերի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի և պարաօլիմպիական խաղերի ընթացքում բողոքի ցույցերի նկատմամբ սահմանված համընդհանուր արգելքը:

Կրեմլի կողմից շաբաթ օրը հրապարակված հրամանագրում ասված է, որ ցույցերը և երթերը 2014 թվականի հունվարի 7-ից մինչև մարտի 21-ն անցկացվող ժամանակաշրջանում թույլատրվում է անցկացվել Ռուսատանի պետական տարբեր մարմինների կողմից հաստատված վայրերում կամ երթուղիներով:

Պուտինի ստորագրած հրամանագրում նշված է նաև, որ բողոքի ցույցերը և երթերը պետք է առնչություն չունենան օլիմպիական խաղերի հետ:

Սոչիում օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի հետ առնչություն չունեցող բողոքի ցույցերի և երթերի անցկացման թույլատրելու մասին հրամանագիրը չի մանրամասնում սակայն, թե ինչպես է ընդունվելու բողոքի ցույցերի անցկացմանը թույլատրություն տալու մասին որոշումը:

Ռուսաստանի նախագահն անցյալ տարի էր ստորագրել Սոչիում օլիմպիական խաղերին չառնչվող բողոքի ցույցերի անցկացման արգելքի մասին հրամանագիրը, որը խիստ քննադատության էր ենթարկվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Ռուսաստանի իշխանությունները Սոչիի օլիմպիադայի անցկացման կապակցությամբ ձեռնարկել են անվտանգության խիստ միջոցներ: Մտավախություններն այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են օլիմպիական խաղերի ընթացքում հարձակում իրականացնել, ուժեղացել են Սոչիից 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռուսաստանի հարավային Վոլգոգրադ քաղաքում ինքնասպանների կողմից վերջերս իրականացրած երկու հարձակումներից հետո:
XS
SM
MD
LG