Մատչելի հղումներ

Պուտինը նախատեսում է փոփոխել «օտարերկրյա լրտեսների» մասին օրենքը


Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ իր կառավարությունը պետք է «կատարելագործի» ՀԿ-ների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով ընդունված օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իր կառավարությունը պետք է «կատարելագործի» հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով ընդունված օրենքը:

Այս մասին հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել ուրբաթ օրը՝ աշխարհի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ հանդիպման ընթացքում:

Պուտինն ուրբաթ օրն ասել է, թե իր կառավարությանն «անհրաժեշտ է վերլուծել այս օրենքի կիրառման գործելակերպը», և որ դրանում պետք է փոփոխություններ իրականացնել, որպեսզի օրենքը «ոչ մեկին անհանգստություն չպատճառի»:

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն ավելի վաղ հայտնել է Ռուսաստանում անցկացվող «Civil20» գագաթաժողովի մասնակիցներին, թե ինքը «պատրաստ է Ռուսաստանի կառավարությանը ներկայացնել Ռուսաստանում ՀԿ-ներին վերաբերող օրենսդրությունում փոփոխությունների փաթեթն ու որպես քաղաքացի սատարել այն»:

Պուտինն անցյալ տարվա հուլիսին ստորագրել էր արտերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող Ռուսաստանի ՀԿ-ներին որպես «օտարերկրյա գործակալ» գրանցվելու պահանջ ներկայացնող օրենքը, որի համաձայն նման կազմակերպությունների կողմից հրապարակվող և տարածվող նյութերը, օրինակ՝ գրքույկներն ու առցանց գրականությունը, պետք է դրոշմված լինեն հատուկ նշանով, որի վրա նշված է, որ այդ նյութերը հրապարակված են «օտարերկրյա գործակալների դերն իրականացնող անձանց կողմից»:
XS
SM
MD
LG