Մատչելի հղումներ

Պուտինը նախատեսում է ոչնչացնել քիմիական զենքն ամբողջ աշխարհում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համաձայն, նման խնդիր Պուտինը դրել է՝ Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած զրույցից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամբողջ աշխարհում առկա քիմիական զենքը ոչնչացնելու մասին «խնդիր է դրել»:

Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի համաձայն նման խնդիր Պուտինը դրել է՝ Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած զրույցից հետո:

«Աշխարհում դեռևս մնացող քիմիական զենքի պաշարները վնասազերծելու, միջազգային վերահսկողության տակ դնելու և հետագայում ոչնչացնելու ուղղությամբ ամեն ինչ անելու խնդիրը նախագահը դրել է՝ Սանկտ-Պետերբուրգում Բարաք Օբամայի հետ ունեցած զրույցից հետո», - Ռուսաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է արտգործնախարար Լավրովը:

ԱՄՆ-ի և Արևմուտքի պետությունների իշխանությունները համոզված են, որ Սիրիայում քիմիական զենքը կիրառվել է այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից, ինչի մասին ապացույցներ, ըստ Լավրովի, Ռուսաստանին չեն տրամադրվել:

«Մենք, ի տարբերություն, տրամադրել ենք մեր ունեցած ապացույցները, որոնց միջոցով հնարավոր է եզրակացություն անել այն մասին, որ [քիմիական զենքի կիրառմամբ հարձակումը] ընդդիմության ձեռքի գործն է: Եվ մենք լուրջ կասկածներ ունենք, որ նման փորձերը շարունակվում են», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը:
XS
SM
MD
LG