Մատչելի հղումներ

Պուտինը պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայի արևելքում


Նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն շեշտել է ուկրաինացի պատանդների ազատ արձակման և Ռուսաստանի հետ սահմանին վերահսկողության արդյունավետ ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի իշխանությունների կողմից երկրի արևելքում իրականացվող ռազմական գործողությունները:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի գրասենյակի համաձայն, սա երկու պետությունների նախագահների միջև եղել է երեք օրվա ընթացքում անցկացված արդեն երկրորդ հեռախոսազրույցը:

Կրեմլի համաձայն, Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը «արտահայտել է մի շարք մեկնաբանություններ՝ շեշտելով Կիևի կողմից Լուգանսի և Դոնեցկի մարզերում իրականացվող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»:

Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը, բացի այդ, նշել է Ուկրաինայի արևելյան շրջաններում «վճռական բողոքներն առաջացրած հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը»:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի հիմնական դրույթները:

Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահը սատարել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը, զինադադարի գործընթացն ու խաղաղ ծրագրի իրականացումը:

Նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, բացի այդ, շեշտել է ուկրաինացի պատանդների ազատ արձակման և Ռուսաստանի հետ սահմանին վերահսկողության արդյունավետ ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը:
XS
SM
MD
LG