Մատչելի հղումներ

Սոչիում ազատ են արձակվել «Փուսի Ռայըթ»-ի ավելի վաղ ձերբակալված մասնակիցները


Փանք-ռոք խմբի մասնակիցների համաձայն, ձերբակալության ժամանակ, մինչև Սոչիում իրենց փաստաբանի ժամանումը, ոստիկանության ծառայողները բռնի ուժ են գործադրել իրենց նկատմամբ և թեթև վնասվածքներ պատճառել

Ռուսաստանի Սոչի քաղաքից, որտեղ այժմ անցկացվում են 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը, «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հաղորդել է, որ օլիմպիական խաղերի անցկացման վայրի մոտակայքում ավելի վաղ ձերբակալված «Փուսի Ռայըթ» կանանց փանք-ռոք խմբի մասնակիցներն ազատ են արձակվել:

Ռուսաստանի ոստիկանությունն ընդհանուր առմամբ ձերբակալել էր 13 մարդ, որոնց թվում էին փանք-ռոք խմբի 7 մասնակիցները, ինչպես նաև Սոչիի և Մոսկվայի ակտիվիստները:

Ձերբակալվածների հետ միասին, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի, ազատ է արձակվել ավելի վաղ ձերբակալված մի քանի լրագրող:

Ազատ արձակվելուց հետո «Փուսի Ռայըթ»-ի մասնակիցները պատասխանել են լրագրողների հարցերին՝ նշելով, որ նրանց որևէ մեղադրանք չի ներկայացվել:

Ըստ «Փուսի Ռայըթ»-ի մասնակիցների, ոստիկանությունը ձերբակալել էր իրենց որպես վկաներ՝ իրենց հյուրանոցում տեղի ունեցած գողության գործով:

Փանք-ռոք խմբի մասնակիցների համաձայն, ձերբակալության ժամանակ, մինչև Սոչիում իրենց փաստաբան Ալեքսանդր Պոպկովի ժամանումը, ոստիկանության ծառայողները բռնի ուժ են գործադրել իրենց նկատմամբ և թեթև վնասվածքներ պատճառել:

Խմբի մասնակիցները տեղեկացրել են, որ այս ձերբակալությունն իրենց առաջին ձերբակալությունը չէր Սոչիում: Նրանք կարծիք են արտահայտել, որ ոստիկանությունը հետապնդում է իրենց և օգտագործում ցանկացած պատրանք՝ Սոչիում խմբի «Պուտինը կսովորեցնի քեզ սիրել Հայրենիքը» երգի տեսահոլովակի նկարահանումներին խոչընդոտներ ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ «Փուսի Ռայըթ» փանք-խմբի երկու մասնակիցներ՝ Տոլոկոննիկովան և Ալյոխինան, ազատ էին արձակվել բանտարկությունից անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:

«Փուսի Ռայըթ» փանք-խմբի երեք մասնակիցներ՝ Ալյոխինան, Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը, ազատազրկման էին դատապարվել 2012 թվականի օգոստոսի 17-ին՝ կրոնական հողի վրա կատարված խուլիգանական գործողությունների մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Եկատերինա Սամուցևիչի ազատազրկման դատավճիռը հետագայում փոխարինվել էր պայմանականով:

«Փուսի Ռայըթ» փանք-խմբի երկու մասնակիցներին համաներման իրավունք էր տրվել այն պատճառով, որ իրենք փոքր երեխաներ ունեն:
XS
SM
MD
LG