Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ անջատողականներն Ուկրաինայի զինծառայողներ են սպանել


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Ռուսաստանի ուժերի հիմնական մասը դեռևս մնում է սահմանների մոտակայքում

Ուկրաինայի արևելքում տեղի են ունեցել բախումներ ռուսաստանամետ անջատողականների և Ուկրաինայի զինված ուժերի միջև, որոնց հետևանքով զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի ութ, վնասվածքներ է ստացել՝ 17 զինծառայող:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ Դոնեցկի մարզում այս գիշերվա ընթացքում ռուսաստանամետ անջատողականները հարձակում են իրականացրել Ուկրաինայի զինված ուժերի հսկիչ-անցագրային կետերից մեկի ուղղությամբ: Հարձակման ընթացքում, ըստ հաղորդագրության, անջատողականները կիրառել են ինքնաձիգներ, նռնականետներ և ականանետներ:

Ռուսաստանամետ անջատողականների և Ուկրաինայի զինված ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել նաև Լուգանսկի մարզում, որտեղ զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի մեկ, վնասվածքներ ստացել՝ երկու զինծառայող:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հինգշաբթի օրն ասել է, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանի մոտակայքում նկատվել է զինված ուժերի որոշ տեղաշարժ, «որոնք կարող են վկայել այն մասին, որ այնտեղ տեղեկացված ստորաբաժանումները նախապատրաստվում են հետ քաշվելու»:

Ռասմուսենը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ հույս է հայտնել, որ Ուկրաինայի սահմանների մոտակայքում սկսված զորամիավորումների տեղաշարժը զորքերը «լրիվ և իրական» հետ քաշելու գործընթացի մաս է կազմում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ զգուշացրել է, որ Ռուսաստանի ուժերի հիմնական մասը դեռևս մնում է սահմանների մոտակայքում:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը, բացի այդ, հորդորել է Ռուսաստանին կատարել միջազգային իր պարտավորությունները՝ հատկապես այն ընթացքում, երբ Ուկրաինան նախապատրաստվում է կիրակի օրն անցկացվելիք նախագահական ընտրությունների:
XS
SM
MD
LG