Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ անջատողականները մերժել են Ուկրաինայի նախագահի կողմից ներում շնորհելու առաջարկը


Լուգանս քաղաքում ռուսաստանամետ ցուցարարներն ասել են, թե զենքը վայր կդնեն միայն այն դեպքում, եթե Կիևը համաձայնվի անցկացնել տարածաշրջանի ապագայի շուրջ հանրաքվե

Ուկրաինայի արևելյան Լուգանսկ քաղաքում ռուսաստանամետ զինյալ ցուցարարները մերժել են Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի կողմից ներում շնորհելու առաջարկը, որն ուղղված էր քաղաքում այս շաբաթ պետական մարմինների շենքերը գրաված հակակառավարական ցուցարարներին, և կոչ են արել ընդդիմանալ Կիևում այժմ իշխանության գլուխ կանգնած կառավարությանը:

Լուգանս քաղաքում գտնվող՝ ՊԱԿ-ին նախկինում պատկանող շենքը վերահսկող ռուսաստանամետ ցուցարարները, որոնք զինված են Կալաշնիկովի ինքնաձիգներով և ատրճանակներով, ասել են, թե զենքը վայր կդնեն միայն այն դեպքում, եթե Կիևը համաձայնվի անցկացնել տարածաշրջանի ապագայի շուրջ հանրաքվե: Կիևը սակայն հերքել է հանրաքվե անցկացնելու մասին պահանջները:

Հակակառավարական ցուցարարների կողմից ներկայացվող այս պահանջը նման է Ղրիմում ձեռնարկված քայլերին, որոնց հետևանքով Ուկրաինային պատկանող թերակղզին բռնակցվել է Ռուսաստանի կողմից:

Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակը մեղմելու նպատակով Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագետները գալիք հինգշաբթի Ժնևում հանդիպում կանցկացնեն:

Եվրամիության դիվանագետները, որոնք ցանկացել են գաղտնի պահել իրենց անունները, տեղեկացրել են, որ ԵՄ-ի արտաքին գործերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը լրացուցիչ տեղեկություններ կներկայացնի դաշինքի արտգործնախարարներին Ռուսաստանի հետ անցկացվելիք բանակցությունների վերաբերյալ:

«Մեզ անհրաժեշտ է բաց պահել բանակցային ուղին նույնիսկ այն դեպքում, երբ նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ ընդունել: Այս ճգնաժամին լուծում կարելի է գտնել միայն բանակցությունների միջոցով», - ասել են ԵՄ-ի դիվանագետները:

ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ավելի վաղ հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսականների առջև, նշել էր, որ Ուկրաինայում ռուսաստանամետ ցուցարարների կողմից պետական մարմինների շենքերի գրավումը մանրակրկիտ նախապատրաստված, ծրագրավորված և թիրախավորված քայլ է:

Նուլանդն ասել էր, որ առկա են Ռուսատանի ներգրավման մասին վկայող բազմաթիվ ապացույցներ՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն անպատասխան թողնելը կարող է ծանր հետևանքների բերել:

Վիկտորիա Նուլանդը միաժամանակ տեղեկացրել էր ԱՄՆ-ի օրենսդիրներին, որ Միացյալ Նահանգների դիվանագետները չեն ակնկալում նշանակալից արդյունքների հասնել գալիք շաբաթ Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագետների մասնակցությամբ կայանալիք բանակցությունների արդյունքում:
XS
SM
MD
LG