Մատչելի հղումներ

Ուկրաինայում ռուսաստանամետ անջատողականները հսկիչ-անցագրային կետեր են գրոհել


Ուկրաինայի իշխանությունների հաղորդագրության համաձայն, կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել բոլոր հարձակումները

Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականները երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերվա ընթացքում հարձակում են գործել մի քանի հսկիչ-անցագրային կետի և ռազմավարական նշանակություն ունեցող այլ օբյեկտների ուղղությամբ:

Ուկրաինայի իշխանությունների համաձայն, այս հարձակումները հաջողվել է հետ մղել՝ զինծառայողների շրջանում նվազագույն կորուստներով:

Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների խոսնակ Վլադիսլավ Սելեզնևի համաձայն, արևելյան Կրամատորսկ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ռուսաստանամետ անջատողականները հարձակում էին գործել Ուկրաինայի բանակ զինծառայողների վրա՝ ականանետների կիրառմամբ, սակայն կառավարական ուժերը պատասխան կրակ են բացել՝ ոչնչացնելով զինյալների դիրքերն ու 40 վարձկանի:

Այս տեղեկությունները հնարավոր չէ ենթարկել անկախ հաստատման, իսկ անջատողականների կողմից այս կապակցությամբ որևէ հայտարարություն դեռևս չի արվել:

Կրամատորսկից դեպի հյուսիս գտնվող Սլավյանսկ քաղաքում Ուկրաինայի երկու զինծառայող վնասվածքներ են ստացել այն ժամանակ, երբ քաղաքը վերահսկող անջատողականները ականանետներից կրակ էին բացել երկրի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ:

Ռուսաստանի հետ սահմանամերձ Լուգանսկ քաղաքում անջատողականները կրակ էին բացել օդանավակայանի և Ուկրաինայի զինված ուժերի մոտակայքում գտնվող դիրքեր ուղղությամբ:

«Հատուկ ստորաբաժանումները հետ են մղել անջատողականների հարձակումը: Ուկրաինական կողմից կորուստներ չկան», - ասել է Սելեզնևը:

Պաշտոնական Կիևը պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունները նպաստում են Ուկրաինայում խռովությունների հրահրման և թույլ են տալիս երկու պետություններ միջև սահմանով Ուկրաինայում գործող անջատողականներին հասցեագրված զենքի անցկացումն ու վարձկանների տեղաշարժը: Մոսկվան հերքում է այս մեղադրանքները:
XS
SM
MD
LG