Մատչելի հղումներ

Ուկրաինայի Դոնեցկի մարզային ադմինիստրացիայի շենքի վրա Ռուսաստանի դրոշ է բարձրացվել


Լուգանսկ քաղաքում ցուցարարները ներխուժել են Ուկրաինայի անվտանգության ուժերի շենքը

Ռուսաստանամետ տասնյակ ցուցարարներ կիրակի օրը ներխուժել են Դոնեցկի մարզային ադմինիստրացիայի շենք ու Ռուսաստանի դրոշ բարձրացրել:

Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարազատ Դոնեցկ քաղաքում լարվածությունն ավելացել է վերջինիս պաշտոնից հեռացնելու և Կիևի նոր եվրոպամետ կառավարության իշխանության գլուխ կանգնելուց հետո: Յանուկովիչի տապալման հետ զուգահեռ լարվածությունն ավելացել է Ուկրաինայի արևելքում հիմնականում ռուսալեզու բնակչություն ունեցող այլ մարզերում:

Ռուսաստանամետ ակտիվիստները, որոնք մասնակցում էին Դոնեցկում կիրակի օրն անցկացված ակցիային, մարզային ադմինիստրացիայի շենք ներխուժելուց հետո Ռուսաստանի դրոշ են բարձրացրել շենքի երկրորդ հարկում: Շենքը շրջապատած մոտ մեկ ու կես հազար ցուցարարները, տեսնելով դրոշը, «Ռուսաստան» են վանկարկել:

Ըստ ականատեսների, տեղի ունեցածին հետևում էր ոստիկանության մոտ 500 ծառայող, որոնք սակայն չէին միջամտում այս իրադարձություններին:

Դոնեցկի հետ հարևան Լուգանսկ քաղաքում ցուցարարները ներխուժել են Ուկրաինայի անվտանգության ծառայության շենք:

Դոնեցկում և Լուգանսյում ցուցարարների կողմից շենքերը գրավելու հետևանքով զոհվածների մասին որևէ հաղորդագրություն չի եղել:

Ուկրաինայի Խարկով քաղաքում, ըստ հաղորդագրությունների, մարզային ադմինիստրացիայի վրա կիրակի օրը նույնպես Ռուսաստանի դրոշ է բարձրացվել:

Ռուսաստանամետ ակտիվիստների կողմից երկրի արևելյան շրջաններում ստեղծվող իրավիճակն իր անձնական հսկողության տակ է վերցրել երկրի նախագահ Օլեքսանդ Տուրչինովը:
XS
SM
MD
LG