Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ զինյալները գրոհել են Ուկրաինայի սահմանային անցակետը


Լուգանսկի սահմանային անցակետի ուղղությամբ հարձակում իրականացնելիս ռուսաստանամետ անջատողականներն օգտագործում են դիպուկահարներ, որոնք կրակ են վարում խաղաղ բնակիչների բնակարաններից

Ուկրաինայում երկուշաբթի օրը ռուսաստանամետ զինյալներն ինքնաձիգների և նռնականետների կիրառմամբ հարձակում են գործել երկրի սահմանային անցակետերից մեկի ուղղությամբ:

Ուկրաինայի անվտանգության ուժերի համաձայն՝ հարձակումը, որը սկսվել էր վաղ առավոտյան, իրականացվում է Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի հարավային շրջանում: Հաղորդագրության համաձայն, հարձակումից առաջ ռուսաստանամետ անջատողականների մի ստորաբաժանում գրավել էր սահմանային անցակետի մոտակայքում գտնվող բնակելի շենքերի վերին հարկերը, որտեղից էլ բացել էր կրակը:

«Հրաձգությունը շարունակվում է առանց դադարների: Մեր կողմից վնասվածքներ է ստացել 8 կամ 9 սահմանապահ: Հարձակվող կողմի վնասները կազմում են հինգ զոհ և 8 վիրավոր» - ասել է Ուկրաինայի սահմանապահ ուժերի ներկայացուցիչ Օլեհ Սլոբոդինը:

Ուկրաինայի սահմանապահ ծառայության կողմից տարածված ևս մեկ հաղորդագրության համաձայն, Լուգանսկի սահմանային անցակետի ուղղությամբ հարձակում իրականացնելիս անջատողականներն օգտագործում են դիպուկահարներ, որոնք կրակ են վարում խաղաղ բնակիչների բնակարաններից:

Ռուսաստանամետ զինյալները, ըստ հաղորդագրության, թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ անցակետի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասից, ինչի հետևանքով Ուկրաինայի սահմանապահները չեն կարողանում պատասխան կրակ բացել:

Ուկրաինայի սահմանապահները, բացի այդ, տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը դեռևս չեն եկել օգնության՝ Լուգանսկում սահմանապահների ուղղությամբ իրականացվող հարձակումը հետ մղելու համար:
XS
SM
MD
LG