Մատչելի հղումներ

Բելառուսի ընտրություններում գերիշխող դիրք են զբաղեցրել կառավարության կողմնակից կուսակցությունները


Նախագահ Լուկաշենկոն «վախկոտ» է անվանել ընդդիմության ներկայացուցիչներին՝ պնդելով, որ նրանք «որևէ ասելիք չունեն ժողովրդին»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին սատարող կուսակցությունները գերիշխող դիրք են զբաղեցրել այս երկրում անցկացված խորհրդարանային ընտրություններում, որոնցում մասնակցությունը բոյկոտել են երկրի ընդդիմադիր հիմնական կուսակցությունները:

Երկրի ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտնել են հաղթանակ տարած 109 թեկնածուի մասին, որոնցից ոչ մեկը ընդդիմադիր կուսակցություն չի ներկայացնում:

Բելառուսի ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններում մասնակցելուց հրաժարվելու մասին որոշում են կայացրել՝ բողոքելով ընտրակեղծիքների, ինչպես նաև քաղբանտարկյալներին ազատ չարձակելու դեմ:

Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 18 տարի զբաղեցնում է Բելառուսի նախագահի պաշտոնը, արձագանքելով ընդդիմության բոյկոտին, «վախկոտ» է անվանել ընդդիմության ներկայացուցիչներին՝ պնդելով, որ նրանք «որևէ ասելիք չունեն ժողովրդին»:

Անկախ դիտորդների ու ընդդիմության ներկայացուցիչների համաձայն, ընտրողների մասնակցությունը խորհրդարանային ընտրություններում գերազանցել է 74 տոկոսը, սակայն նման ցուցանիշները ուռճացված են և արդյունք են այսպես կոչված «վաղ ընտրությունների գործընթացի», որի ընթացքում և իրականացվել է ընտրախախտումների հիմնական մասը:

Երկրում ԵԱՀԿ-ի դիտորդների խմբի ղեկավար Մաթեո Մեքաչիի համաձայն, «վաղ ընտրությունների գործընթացին» ընտրողների մասնակցությունը չափազանց բարձր էր: Դիտորդների խմբի ղեկավարը «յուրահատուկ» է անվանել վաղ ընտրությունների անցկացման գործընթացը:
XS
SM
MD
LG