Անվտանգության ապահովման առաջատար ընկերությունները, որոնք հայտի են դարձել Իրաքում և Աֆղանստանում իրենց գործողությունների համար, ստորագրել են նոր վարքագծին հետևելու պարտավորությունը:
Վարքագծի նոր կանոնները նպատակ ունեն կարգավորելու անվտանգության ապահովման մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնցից մի քանիսին մեղադրում են տեղացի բնակչության դեմ բռնություններ գործելու մեջ:
Ժնևում երեքշաբթի օրն անցկացված արարողության ժամանակ մոտ 60 ընկերություն, որոնց թվում էին ամերիկյան «Xe Services» (նախկինում` «Blackwater») և բրիտանական «G4S»-ը, ստորագրել են ոլորտի ներկայացուցիչների և կառավարությունների կողմից համատեղ մշակված կանոնները:
Կայունության գործողությունների միջազգային միություն (ISOA) շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահ Դագ Բրուքսը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ արդյունաբերության կողմից վարքագծի կանոնների ընդունումը «հսկայական» քայլ է: Կանոնները, ըստ Բրուքսի, սահմանում են «էթիկայի, արհեստավարժության և որակի» նոր չափանիշներ:
Վարքագծի կանոններին միանալը կամայական է:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պարտավորվել են աշխատել միայն վարքագծի կանոնները ստորագրած ընկերությունների հետ: Այս քայլն ընկերություններին ստիպելու է ընդունել նոր կանոնները կամ կորցնել պետական գայթակղիչ պայմանագրերով աշխատելու հնարավորությունը:
Նոր կանոնները ստիպելու են պետությունների կառավարություններին աշխատել նաեւ չարաշահումները և անհարկի բռնությունները դատապարտող ընկերությունների, այլ ոչ միայն ամենացածր գինն առաջարկողների հետ: