Մատչելի հղումներ

2011 թվականին սպանվել է 106 լրագրող


«Press Emblem Campaign» կազմակերպության նախագահ Բլեզ Լեմփեն (արխիվային լուսանկար)
«Press Emblem Campaign» կազմակերպության նախագահ Բլեզ Լեմփեն (արխիվային լուսանկար)

Լրատվամիջոցների գործունեությանը հետևող «Press Emblem Campaign» կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն 2011 թվականին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում սպանվել է 106 լրագրող՝ անցյալ տարվա համեմատությամբ մեկ լրագրողի կյանքով ավելացնելով այս տխուր ցուցանիշը:

«Press Emblem Campaign» կազմակերպության կողմից պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, 2011 թվականին սպանված լրագրողներից 20-ը զոհ են գնացել «Արաբական գարնան» իրադարձությունները լուսաբանելիս:

«Ավելի քան 100 լրագրողի վրա Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում, Թունիսում և Եմենում կատարվել են հարձակումներ, նրանց ահաբեկել են, ձերբակալել և վնասվածքներ հասցրել», - նշվել է կազմակերպության հաղորդագրությունում:

Հաշվետվության համաձայն, լրատվամիջոցների աշխատանքի համար ամենավտանգավոր երկու երկրները մնում են Մեքսիկան և Պակիստանը:

Մեքսիկայում 2011 թվականի ընթացքում զոհվել է 12 լրագրող՝ երկրի հյուսիսում այս երկրի զինված ուժերի և թմրամիջոցներ վաճառող կարտելների միջև շարունակվող բախումների պատճառով:

Ըստ «Press Emblem Campaign»-ի, «զոհվածների թիվը կարող էր լինել ավելի բարձր, եթե հայտնի դառնար մարդկանց գողությունների զոհը դարձաց լրագրողների թիվը»:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկրների թվում երկրորդ տեղը զբաղեցրած Պակիստանում այս տարվա ընթացքում զոհվել է 11 լրագրող՝ հիմնականում Աֆղանստանի հետ սահմանամերձ հյուսիսային շրջաններում:

Մեքսիկային և Պակիստանին լրագրողների մահվան ցուցանիշով հետևում են Իրաքը, Լիբիան և ֆիլիպինները:

Կազմակերպության համաձայն, լրագրողների դեպքերի երկու երրորդի ժամանակ լրագրողների վրա կատարվել են կանխամտածված հարձակումներ: Այլ լրագրողներ պատահաբար զոհվել են հանրահավաքների, մարտական գործողությունների և ինքնասպան ահաբեկիչների հարձակումների պատճառով:

«Ամբողջ աշխարհում լրագրողների մահվան մոտ մեկ տասնյակ դեպքերում դեռևս անհայտ է, թե ինչպես է վրա հասել մահը», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բլեզ Լեփենը:

XS
SM
MD
LG