Մատչելի հղումներ

Օբամա. «Ժամանակն է վերանայել Կուբայի նկատմամբ քաղաքականությունը»


Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե խելամիտ չէ համարել, որ ինտերնետի դարում Կուբայի նկատմամբ 50 տարի առաջ ընդունված քաղաքականությունն արդյունավետ կլինի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, եկել է Կուբայի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից սահմանված քաղաքականությունը վերանայելու ժամանակը:

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե խելամիտ չէ համարել, որ ինտերնետի դարում Կուբայի նկատմամբ 50 տարի առաջ ընդունված քաղաքականությունն արդյունավետ կլինի:

Նախագահ Օբաման նշել է, որ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն իշխանության գլուխ էր կանգնել 1961 թվականին՝ նախագահ Օբամայի ծննդյան տարին: Նույն տարվա ընթացքում Միացյալ Նահանգները դադարեցրել էր Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1962-ին սահմանվել էր Կուբայի նկատմամբ Միացյալ Նահանգների տնտեսական էմբարգոն:

Կուբայի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից սահմանված էմբարգոն վիճահարույց է համարվում միջազգային հանրության կողմից: Այս տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ն արդեն 22-րդ անգամ դատապարտել էր այս էմբարգոն:

Նախագահ Օբամայի վարչակազմը վերջերս քննարկում է մեկնարկել Կուբայի իշխանությունների հետ միգրացիայի և փոստային փոխադրումների հարցով, թեթևացրել է Կուբա ճանապարհորդելու և այս երկիր գումարներ փոխանցելու կանոնները ծագումով կուբացի ամերիկացիների համար:
XS
SM
MD
LG