Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին


«Չնայած սադրանքների և բռնությունների, միլիոնավոր ուկրաինացիներ ամբողջ երկրում քվեարկել են ընտրատարածքներում», - ասել է նախագահ Օբաման

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին երկրում հաջողությամբ անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ:

«Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին, ում ձայնը լսելի էր դարձել՝ նախագահական ընտրություններում իրենց ցուցաբերած մասնակցության արդյունքում: Չնայած սադրանքների և բռնությունների, միլիոնավոր ուկրաինացիներ ամբողջ երկրում քվեարկել են ընտրատարածքներում», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ այս ընտրությունները կարևոր ևս մեկ քայլ են Ուկրաինայի կառավարության կողմից երկրի միավորման և բոլոր քաղաքացիների հետ երկխոսություն ծավալելու գործում:

«Միացյալ Նահանգներն ուրախությամբ ակնկալում է երկրի հաջորդ նախագահի, ինչպես նաև ժողովրդավարական եղանակով ընտրված խորհրդարանի հետ համագործակցության հեռանկարը՝ Ուկրաինայի կողմից քաղաքական և տնտեսական կարևոր բարեփոխումների անցկացման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը սատարելու նպատակով» – ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով. «Մենք շարունակում ենք նաև սատարել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դատապարտում և մերժում ենք Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումն ու բռնակցման փորձը»:

«Հավատարիմ ենք մնում նաև Ուկրաինայի և այլ գործընկերների հետ աշխատելու հանձնառության՝ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ գտնելու համար», - ասված է ԱՄՆ-ի նախագահի կողմից Ուկրաինայի ժողովրդին հասցեագրված ուղերձում:
XS
SM
MD
LG