Մատչելի հղումներ

Գիտնականներն աշխատում են քաղցկեղի դեմ պայքարող երեխաների պտղաբերությունը պահպանելու ուղղությամբ


Գիտնականներն աշխատում են քաղցկեղի դեմ պայքարող երեխաների պտղաբերությունը պահպանելու ուղղությամբ
Գիտնականներն աշխատում են քաղցկեղի դեմ պայքարող երեխաների պտղաբերությունը պահպանելու ուղղությամբ

Քիմիական բուժումն օգնում է փրկել քաղցկեղով հիվանդ երիտասարդների կյանքը, թունաքիմիկատների միջոցով իրականացվող այս բուժումը միաժամանակ ի չիք է դարձնում փրկված հիվանդների ծնող դառնալու հնարավորությունը: Բուժման նոր ընթացակարգը կպահպանի ծնող դառնալու հնարավորությունը նույնիսկ ամենաերիտասարդ հիվանդների մոտ:

Դանիելա Պոլիչինոն բարձր առաջադիմությամբ ավագ դպրոցի ուսանողուհի էր և մարզիկ, երբ մեկ օր իր աշխարհը փուլ եկավ:

«Ցավը վրա հասավ վոլեյբոլի պարապմունքի ժամանակ, ուժեղացավ և կանգ չառավ», - պատմում է Դանիելան:

Բժիշկները չարորակ ուռուցք հայտնաբերեցին Դանիելայի նախաբազկի ոսկրում: Նրան անմիջապես վիրահատեցին, ապա նշանակեցին քիմիաթերապիա, բուժում, որը կփրկեր նրա կյանքը, բայց կդարձներ անպտուղ:

«Ես արթնանում էի գիշերը և ինքս ինձ ասում՝ Աստված իմ, ինչ ենք անելու, նա շատ երիտասարդ է և ցանկանալու է երեխաներ ունենալ», - հիշում է Դանիելայի մայր Լիզա Պոլուչինոն:

Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի Քաղցկեղը հաղթահարածների ծրագրի ղեկավար, բժիշկ Ջիլ Ջինսբերգը փորձարկում է մի եղանակ, որը հնարավոր է դարձնում պահպանել քաղցկեղը հաղթահարած երիտասարդների պտղաբերությունը: Այդ եղանակով հավաքվում, սառեցվում և պահվում է վերարտադրության օրգանի հյուսվածքը՝ նախքան թունաքիմիկատներով բուժման մեկնարկը:

«Քաղցկեղից բուժվելուց հետո, եթե խնդիրներ են առաջանում, հյուսվածքը հալեցվում է, ապա փոխպատվաստվում», - ասում է բժիշկ Ջինսբերգը:

Քաղցկեղով հիվանդ չափահաս կին հիվանդների մոտ հաճախ հավաքվում են ձվաբջիջները, սակայն դա կարող է տևել շաբաթներ և ամիսներ, ինչը Դանիելայի դեպքում ընդունելի տարբերակ չէր:

«Նա ոսկրի ուռուցք ուներ, և ոչ ոք չէր ուզում ձվաբջիջ սառեցնելու համար սպասել երեքից չորս շաբաթ», - հիշում է բժիշկ Ջինսբերգը:

Վիրաբույժները Դանիելայի 30 րոպե տևած վիրահատության ընթացքում լապորոսկոպիկ եղանակով վիրաբույժները հեռացրել են ձվաբջիջներով հարուստ ձվարանի հյուսվածքից փոքրիկ հատված: Բջիջները կպահվեն այնքան ժամանակ, մինչև Դանիելան պատրաստ կլինի մայրանալ:

«Հույսի նշույլ կա, ոչինչ երաշխավորված չէ: Եթե նա չկարողանա ինքնուրույն երեխա ունենալ, ապա անհրաժեշտ կլինի այլ լուծում որոնել», - ասում է Դանիելայի մայրը:

Իսկ Դանիելան ասում է, որ արդեն մտածել է այս հարցի շուրջ, և ցանկանում է ունենալ երեխաներ և ընտանիք:

Ըստ բժիշկների՝ այս եղանակը համարվում է փորձարարական, քանի որ դրա միջոցով աշխարհում միայն ինը հղիություն է գրանցվել: Ամորձիների հյուսվածքի սառեցումը ծնող դառնալու հնարավորություն է ընձեռում ամլության մեծ վտանգի առաջ կանգնած այն տղաներին, որոնց հյուսվածքները վերցվեն մինչև հասունացման տարիքը: Այս եղանակը սակայն խիստ փորձառական է և զարգացած չէ: Գիտնականները դեռ աշխատում են այդ տեխնոլոգիայի կատարելագործման վրա:

XS
SM
MD
LG