Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը մտադիր է զինադադար հայտարարել


Ուկրաինայի արևելքում զինադադար կարող է հայտարարվել Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ վերականգնելուց հետո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի համաձայն, երկրի արևելքում կրակի դադարեցում է առաջարկվելու նախագահի խաղաղության ծրագրի իրականացումը մեկնարկելու շրջանակներում:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի բացման խոսքում դիմելով երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին՝ նախագահ Պորոշենյոն նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի առջև ինքը խնդիր է դրել ամբողջությամբ վերահսկողություն հաստատել Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ:

Այս խնդիրը կատարելուց հետո, ըստ Ուկրաինայի նախագահի, կիրառվելու է ժամանակավոր զինադադարի ռեժիմը, որի ընթացքում ձեռնարկվելու են նախագահի խաղաղության ծրագրի շուրջ համաձայնության հասնելու փորձեր:

«Ձևավորված օրակարգով նախատեսված է Դոնեցկի և Լուգանսի մարզերի տարածքում ստեղծված առկա իրավիճակի վերլուծություն, առաջարկվում է նաև մանրամասն քննարկել նախագահի խաղաղության ծրագիրը, որն առաջարկվելու է արդեն այս շաբաթվա ընթացքում: Բացի այդ, համաձայն այն օրակարգի և ժամանակացույցի, որոնք ներառված են ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից ընդունված որոշումներում, զինադադարն առաջարկվելու է՝ որպես նախագահի խաղաղ ծրագրի իրականացման սկիզբ», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Նախագահ Պորոշենոկոյի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են ապահովել Դոնբասի բոլոր բնակիչների անվտանգությունը, նպաստել զինաթափման գործընթացին, որից հետո կայացվելու է ծանր հանցագործություններ չկատարած անձանց համաներում շնորհելու մասին որոշումը:
XS
SM
MD
LG